Տպել
24.05.2016
Կորյուն Նահապետյանը հանդիպել է Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 1

Մայիսի 24-ին Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ:

Ողջունելով նորանշանակ դեսպանին` Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան դիվանագիտական առաքելության կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նա ընդգծել է, որ հայ-իտալական հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության առավել զարգացմանն ու խորացմանը:

Կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական կապերի զարգացման հեռանկարները` այդ հարցում առանձնակի կարեւորելով խորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությունը: Կորյուն Նահապետյանը կարեւորել է քաղաքական երկխոսության զարգացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, քննարկել զբոսաշրջության, մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցելու հնարավորությունները եւ անդրադարձել կոնկրետ ծրագրերի: