Տպել
24.05.2016
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Էդելգարդ Բուլմահնի հետ
1 / 3

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը եւ խմբի անդամներ Կարինե Աճեմյանն ու Շիրակ Թորոսյանը հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

Արտակ Դավթյանը, ողջունելով Բունդեսթագի փոխնախագահին խորհրդարանում, իր երախտագիտությունն է հայտնել նրա՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հետ կապված դիրքորոշման համար: Խոսելով առաջիկայում Բունդեսթագում ընդունվելիք բանաձեւի մասին՝ նա նշել է, որ մեծ են Հայաստանի ակնկալիքները, քանի որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի ճանաչման գործընթացում:
Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիան այս հարցում կցուցաբերի այնպիսի մոտեցում, ինչպիսին Գերմանիան է ցուցաբերել Հոլոքոստի ընդունման եւ դատապարտման հետ կապված:

Կարինե Աճեմյանը, ողջունելով հյուրին, կարեւորել է հայ-գերմանական կրթական եւ մշակութային կապերի հետագա զարգացումն ու խորացումը: Տիկին Աճեմյանը նշել է, որ խոսելով հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների մասին, Հայաստանն առաջին հերթին ակնկալում է անաչառ վերաբերմունք իր խնդիրների նկատմամբ: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները խաղաղասեր են եւ դրանում կարելի է համոզվել նաեւ Արցախ այցելելով: Ժողովրդավարությունն ընտրելով որպես ուղենիշ՝ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներն ընթանում են այդ ճանապարհով:

Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել տիկին Բուլմահնին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքի համար: Նա նշել է, որ գերմանացի ժողովուրդը համամարդկային եւ մարդասիրական առումով պատրաստ է ընդունելու այդ բանաձեւը, եւ ուրախալի է, որ հաղթել է մարդասիրությունը: Պարոն Թորոսյանի կարծիքով՝ Գերմանիան, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, մեծապես կօգնի Թուրքիային, որին մերժողականությունը հաղթահարելու համար օգնություն է պետք: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Շիրակ Թորոսյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հաշվի առնել այդ հողի վրա ապրող ժողովրդի կարծիքը. դա է ժողովրդավարության սկզբունքը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը նշել է, որ իր այցը Հայաստան վկայում է երկու երկրների խորհրդարանների բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Անդրադառնալով առաջիկայում Բունդեսթագում ընդունվելիք բանաձեւին՝ տիկին Բուլմահնը փաստել է, որ Գերմանիան պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը, քանի որ ժամանակին չի կարողացել կանխել դաշնակցի գործողությունները: Նա կարեւորել է Գերմանիայի կողմից պատմական պատասխանատվության ստանձնումը եւ ճշմարտության փոխանցումը սերունդներին: Խոսելով ընդունվելիք բանաձեւի բնագրի մասին՝ Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ պետք է իրերը կոչել իրենց անուններով: Տիկին Բուլմահնը նշել է նաեւ, որ Գերմանիան կաջակցի Հայաստանին եւ Թուրքիային առերեսվել պատմական անցյալին եւ գնալ մերձեցման, քանի որ այսօր էլ Թուրքիայում օրեցօր ավելանում են այն մարդիկ, ովքեր համարձակություն ունեն քայլ կատարել դեպի Հայաստանի հետ մերձեցումը: Նրա խոսքով՝ հիշելով եւ հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ այս ժողովուրդները կհասնեն փոխըմբռնման, որը դժվար է, բայց հնարավոր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կագավորմանը՝ Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ Գերմանիան կիսում է Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, թե այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այս համատեքստում նա կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումը խաղաղ կարգավորման գործընթացում եւ վերահսկողության մեխանիզմների կիրառումը շփման գծում: Տիկին Բուլմահնն իր մտավախությունն է հայտնել, թե վերահսկողության մեխանիզմներ չկիրառելու դեպքում իրավիճակը կարող է սրվել: Նա փաստել է, որ Գերմանիան կոչ է անում երկու երկրներին մեկընդմիշտ ամրագրել հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...