Տպել
07.06.2016
Մամուլի ասուլիսում ամփոփվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքը
1 / 3

Հունիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ են ներկայացվել միջխորհրդարանական հանձնաժողովի? հունիսի 2-4-ը Մոսկվայում եւ Կազանում կայացած 27-րդ նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ: Նշենք, որ նիստի առաջին մասը տեղի է ունեցել Մոսկվայում, իսկ շարունակությունը՝ Կազանում:

Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ նշել է, որ պատվիրակության 13 անդամները բավականին ակտիվ, համախմբված եւ համագործակցված աշխատել են նիստի առանցքային հարցերի շուրջ:

Մոսկվայում հայկական պատվիրակությունը նիստի շրջանակում հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Ֆյոդորովի հետ: Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները բարձրացրել են հարցադրումներ հայ-ռուսական համագործակցության էական խնդիրների շուրջ՝ հիմնական շեշտը դնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա:

Նիստի օրակարգային հարցերը վերաբերել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ սոցիալ-տնտեսական եւ մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ԵԱՏՄ-ին, ապրիլյան պատերազմից հետո ԼՂ-ում տիրող իրավիճակին:

Լեռնային Ղարաբաղին վերաբերող քննարկումների ակտիվ բանավեճին մասնակցել են թե հայ, թե ռուս պատվիրակները: Հայկական պատվիրակության կազմում միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցող քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը ներկայացրել է ռազմաքաղաքական եւ դիվանագիտական գործընթացները, որոնք տեղի են ունեցել ապրիլյան պատերազմի օրերին, խոսել դրանց պատճառների, նպատակների, Ադրբեջանի կողմից միջազգային իրավական նորմերի խախտումների մասին: Քննարկմանը որպես համազեկուցող մասնակցել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իգոր Գրոմիկոն, ով իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերսկսման, հրադադարի ռեժիմի խախտումների կապակցությամբ եւ վերահաստատել է ռուսական կողմի այն մոտեցումը, ըստ որի՝ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը հանդիսանում է միակ եւ անժամկետ փաստաթուղթը, որը բոլոր զարգացումների հիմքում է:

Նիստը շարունակվել է Կազանում, ուր հայկական պատվիրակությունը նիստի շրջանակում հանդիպել է Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի, Թաթարստանի Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամեդշինի եւ Պետական խորհրդի անդամների եւ փոխվարչապետի հետ:

Հանձնաժողովի նիստի երկրորդ մասում քննարկվել են համագործակցության սոցիալ-տնտեսական զարգացումներին, տնտեսական եւ հումանիտար համագործակցակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ փորձելով ուսումնասիրել ՌԴ տարբեր շրջանների, մասնավորապես Թաթարստանի տնտեսական հնարավորությունները: Ներկայացվել են ազատ տնտեսական գոտիների ստեղծման, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Թաթարստանի ձեռքբերումները, օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները:

Տիկին Նաղդալյանը նշել է, որ նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն, որտեղ առաջին անգամ այլ երկրի կառույցի մասնակցությամբ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, որոնք տեղի են ունեցել ԼՂ սահմանների ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում: Փաստաթղթում վերահաստատվել են նաեւ ռուսական կողմի պնդումներն այն մասին, որ հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են, եւ կողմերը չեն տեսնում ռազմական ճանապարհով հարցի լուծման հնարավորություն, այլ կարծում են, որ միակ հնարավորությունը խաղաղ բանակցային ճանապարհն է՝ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո:

Հերմինե Նաղդալյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցադրումներին:


26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...