Տպել
08.06.2016
Ասուլիս խորհրդարանում
1 / 1

Հունիսի 8-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձել է նախօրեին Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած բանաձեւի կապակցությամբ Թուրքիայի նախագահին հղած նամակին։ Արքեպիսկոպոսը մասնավորապես գրել է. «Որպես Թուրքիայի հայ համայնք, մենք մեր ափսոսանքն ենք հայտնում Բունդեսթագի որոշման վերաբերյալ»։

Արագած Ախոյանը նշել է, որ այդ նամակը Պոլսո պատրիարքական փոխանորդի հակահայկական արարքների վերջնակետն է։ Ըստ պատգամավորի՝ սկսած 2011 թվականից, երբ մեծ հանդիսավորությամբ բացվել էր Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես եկել ոչ հայանպաստ հայտարարություններով՝ ջուր լցնելով, այսպես կոչված, Թուրքիայի հակահայկական ջրաղացին։ Նրա հիմնական նպատակն է ապահովել իր դիրքն ու տեղը Պոլսո պատրիարքարանում, ասել է Արագած Ախոյանը։

«Մենք Թուրքիայի հայ համայնքի հետ պետք է այնպիսի պայմաններ ու մթնոլորտ ստեղծենք, որպեսզի Արքեպիսկոպոսն ինքնակամ հրաժարական տա եւ հեռանա պատրիարքական փոխանորդի պաշտոնից։ Նրանից ազատվելու միակ ճանապարհը Պոլսո պատրիարքի նոր ընտրության կազմակերպումն է»,- նշել է Արագած Ախոյանը։

Պատգամավորը նաեւ հավելել է, թե Թուրքիայի ազգությամբ ոչ հայ շատ քաղաքացիներ իրենց զարմանքն ու տարակուսանքն են հայտնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այդ տխրահռչակ նամակի կապակցությամբ։