Տպել
08.06.2016
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 2

Հունիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած «Հայբուսակ» համալսարանի դասախոսներին ու ուսանողներին:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրել է 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը: Պատգամավորն անդրադարձել է պաշտպանության ոլորտում տեղեկատվական եւ ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերին:

Կորյուն Նահապետյանն առանձնակի կարեւորել է պաշտպանության ոլորտում ծրագրային բյուջետավորումը, որը, ըստ նրա, թույլ կտա լիարժեք գնահատել բյուջեի որակական ցուցանիշները, սահմանել բյուջետային տարվա ընթացքում առաջնահերթություններն ու գերակա խնդիրները:

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում բյուջեի ծրագրային բաղադրիչներին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է ՀՀ զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով համալրումը:

Հաշվետու տարում, ըստ Կորյուն Նահապետյանի, իրականացվել են սպառազինության, ռազմական տեխնիկայի վերանորոգման եւ արդիականացման, փորձնական նմուշների, ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ: 2015 թվականին, Կորյուն Նահապետյանի գնահատմամբ, ծավալուն աշխատանք է կատարվել զորակոչի անցկացման արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ, զգալիորեն ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը, ուշադրության կենտրոնում են շարունակել մնալ զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրները:

Հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:

Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ բյուջեն թերակատարվել է: Նա նշել է, որ մեր երկիրը գտնվում է համակարգային խնդիրների առջեւ. պետք է փոխել տնտեսական քաղաքականությունը: Տիգրան Ուրիխանյանը կարեւորել է բյուջետային հատկացումների նպատակային օգտագործումը, պայքարը ստվերային տնտեսության եւ մենաշնորհների դեմ ու պետական միջոցները յուրացնողների նկատմամբ: Նա կարծիք է հայտնել, որ պետական համակարգը պետք է արտակարգ տնտեսման ռեժիմի անցնի: Լեւոն Դոխոլյանը խոսել է տնտեսության զարգացման ռազմավարության արդյունավետությունից եւ հարկային վարչարարությունից՝ ներկայացնելով տնտեսության աշխուժացմանը միտված բազմաթիվ առաջարկներ: Հովհաննես Մարգարյանն իր մտահոգությունն է հայտնել արտաքին պետական պարտքի աճի առնչությամբ եւ խոսել արտոնյալ եւ ոչ արտոնյալ վարկերի համար սահմանված պայմանների վտանգներից: Նա առաջարկել է վարկային ռեսուրսներն ուղղել աշխատատեղերի ստեղծմանը: Արամ Մանուկյանը եւս անդրադարձել է պետական պարտքի ավելացման վտանգներին, արտաքին շրջանառությանը, խոսել ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված տնտեսական պայմանների, ներդրումային քաղաքականության մասին: Թեւան Պողոսյանն էլ խոսել է գիտական եւ գիտատեխնիկական ոլորտի խնդիրների, մասնավորապես ոլորտում թեմատիկ ֆինանսավորման տնտեսումների վերաբերյալ: Պարոն Պողոսյանը բյուջետային քննարկումների համատեքստում անդրադարձել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի կատարմանը եւ խնդիրներին:

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հունիսի 9-ի նիստում:

Վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն պատասխանել են պատգամավորների հարցերին: