ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 13-ին` ժամը 12:00-ին, գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2016 թվականի հունիսի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի առաջին օրը գումարել մեկուկես ժամ տեւողությամբ երեք նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը մեկ ժամ է, երկրորդ ընդմիջմանը՝ կես ժամ: Երկրորդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օր կգումարվի մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ, նիստերի սկիզբը՝ ժամը 11:00-ին: Յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը կես ժամ է:
Այնուհետեւ խորհրդարանն 88 կողմ, 15 դեմ, 14 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Քվեարկությամբ ընդունվել են նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են քննարկել «ՀՀ հարկային օրենսգիրք» նախագիծը:
Հիշեցնենք, որ փաթեթի մշակման նպատակներից է գույքագրել տասնամյակներ շարունակ հարկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ ունենալ կարգավորումների այնպիսի շրջանակ, որը լիազոր մարմնին հնարավորինս ձեռնպահ կպահի հայեցողական դիրքորոշումներ եւ մոտեցումներ ունենալուց: Ուստի խմբի համար առանցքային է եղել, որ հարկային հարաբերությունները կանոնակարգող բոլոր հարցերի կարգավորումները սահմանվեն Հարկային օրենսգրքով: Զեկուցողի խոսքով` «Հարկային օրենսգրքի նախագիծը բաղկացած է չորս հիմնական բաժնից` ընդհանուր մաս, հատուկ մաս, հարկային վարչարարության բաժին եւ անցումային մաս:
Ըստ Վախթանգ Միրումյանի` ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի մշակման հիմքում դրվել են մի շարք սկզբունքներ. մասնավորապես նախատեսվում է, որ Հարկային օրենսգիրքը պետք է խրախուսի տնտեսական գործունեությունը, նպաստի տնտեսական գործունեության ակտիվացմանը եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հարկատեսակներին, շքեղության հարկի ներդրման անհրաժեշտությանը, ակցիզային հարկի ավելացմանը, եկամտահարկի դրույքաչափերի փոփոխմանը, ավելացված արժեքի հարկին եւ այլն:
Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են անվանի եւ սիրված երգչուհու հիշատակը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հարակից զեկույցում նշել է, որ օրենսգրքի նախագիծը երկարատեւ քննարկումների փուլ է անցել կառավարությունում, առաջիկայում ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ ԱԺ-ում եւս ըստ քննարկումների ժամանակացույցի հանգամանալից կքննարկվի, հաշվի կառնվեն բոլոր առաջարկները:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ պատգամավորները:
Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է Հարկային նոր օրենսգրքով կարգավորվող մի շարք խնդիրների, մասնավորապես ստվերի կրճատմանը, այս հարցում շրջանառության հարկի սահմանման անհրաժեշտությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դրույքաչափերի եւ հարկերի սահմանմանը, հարկային քաղաքականությանը եւ այլն: Պարոն Քոքոբելյանը փաստաթղթին դեմ է քվեարկելու: Հրանտ Բագրատյանը նշել է, որ 120 դիտողություն է ներկայացրել կառավարություն եւ ԱԺ մշտական հանձնաժողով: Նա խոսել է ԱԱՀ-ի եւ շրջանառության հարկի շեմի սահմանման առանձնահատկությունների, իրականացվող հարկային քաղաքականության խնդիրների մասին: Արամ Մանուկյանը կարծում է, որ քննարկվող փաստաթուղթը որեւէ փորձագիտական գնահատականի չի արժանացել, մինչդեռ այն պետք է նախնական հանրային քննարկման եւ միջազգային փորձաքննության փուլ անցներ, քանի որ լուրջ ցնցումներ է նախատեսում տնտեսության ոլորտում: Նա անդրադարձել է ակցիզային հարկի գծով նախատեսվող որոշ բարձրացումների: Վահրամ Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ քննարկումների արդյունքում կմշակվի Հարկային օրենսգրքի նախագիծ, որը երկարատեւ հեռանկարում կբերի գործարարության զարգացման եւ ներդրումների խթանման: Պարոն Մկրտչյանն անդրադարձել է հարկային որոշ արտոնությունների եւ տույժ-տուգանքների սահմանմանն ու առաջարկներ ներկայացրել: Լեւոն Դոխոլյանի գնահատմամբ՝ նախագիծը պետք է ունենա կարգավորիչ եւ խթանող բնույթ, ոչ թե մահակ դառնա տնտեսվարողների համար: Նա խոսել է տնտեսվարող-հարկային տեսուչ փոխհարաբերությունների, ՓՄՁ-ների զարգացման, շրջանառության հարկի կիրառման խնդիրների մասին: Խոսրով Հարությունյանը Հարկային նոր օրենսգրքի նախագծին անդրադարձել է կառավարության 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում: Նրա համոզմամբ՝ մեր երկիրը կանգնած է մրցունակ տնտեսություն ձեւավորելու պատմական անհրաժեշտության առջեւ, ուստի պետք է ձեւավորել նոր տնտեսական կառուցվածք:
Նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ քաղաքական մեծամասնությունն առաջին ընթերցմամբ կպաշտպանի Հարկային նոր օրենսգրքի նախագիծը՝ հորդորելով կառավարությանն աշխատել օրենսդիրների հետ, հաշվի առնել բոլոր կառուցողական առաջարկները: Նա վտահեցրել է, որ միասնական աշխատանքի արդյունքում աշնանը կունենանք ավելի որակյալ փաստաթուղթ:
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի հունիսի 14-ի նիստում: