Օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում եղել է «Բազե 2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին եւ նշել, որ անցկացվող միջոցառումը յուրովի է, քանի որ «Բազեն» դարձել է յուրօրինակ հարթակ, որն ամեն տարի մեկտեղում է հայ երիտասարդների աշխարհի տարբեր երկներից եւ նշել, որ այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդների շրջանում առավել ամրապնդվում է հայրենիքի նկատմամբ սերը, պետության, պետականության ու անկախության գաղափարը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջել է բազեականների ճամբարում, որից հետո արդեն ջերմ զրույց ունեցել հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերում էին, ներքին, արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի շենացմանը: Խորհրդարանի ղեկավարը բազեականների խնդրանքով խոսել է նաեւ իր ուսանողական տարիների, անցած ճանապարհի ու քաղաքական ոլորտում ծավալած գործունեության մասին:
Տեղեկացնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ: Գոյության 14 տարիների ընթացքում միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների, բացահայտել շնորհալիներին, հնարավորություն ընձեռել ինքնադրսեւորվելու եւ նրանց մեջ ամրապնդելու սեփական երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը: