Տպել
26.08.2016
Գալուստ Սահակյանը հանդիպել է «Բազե 2016»համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ
1 / 4

Օգոստոսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը  Ծաղկաձորում եղել է «Բազե 2016»  համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հյուրը: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է բազեականներին եւ նշել, որ  անցկացվող միջոցառումը  յուրովի է, քանի որ «Բազեն» դարձել է յուրօրինակ հարթակ, որն ամեն տարի մեկտեղում է հայ երիտասարդների աշխարհի տարբեր երկներից եւ նշել, որ այս նախաձեռնության շնորհիվ երիտասարդների շրջանում առավել ամրապնդվում  է հայրենիքի նկատմամբ  սերը, պետության, պետականության ու անկախության գաղափարը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջել է բազեականների ճամբարում, որից հետո արդեն ջերմ զրույց ունեցել  հավաքի մասնակիցների հետ: Հանդիպմանը կարմիր, կապույտ, նարնջագույն ջոկատների ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին: Երիտասարդների հարցերը վերաբերում էին, ներքին, արտաքին քաղաքականությանը, երկրում երիտասարդական ծրագրերի իրականացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի շենացմանը: Խորհրդարանի ղեկավարը բազեականների խնդրանքով խոսել է նաեւ իր ուսանողական տարիների, անցած ճանապարհի ու քաղաքական ոլորտում ծավալած գործունեության մասին:

Տեղեկացնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի անցկացվում է  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, որին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ: Գոյության 14 տարիների ընթացքում միջոցառումն իր շուրջն է համախմբել հազարավոր երիտասարդների, բացահայտել շնորհալիներին, հնարավորություն ընձեռել ինքնադրսեւորվելու  եւ  նրանց մեջ ամրապնդելու սեփական երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը: