Տպել
21.09.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

Անկախության տոնի էությունն ու իմաստը դուրս են մեր պետության սահմաններից, քանզի այն, համապետական տոն լինելով հանդերձ, միաժամանակ, համաժողովրդական է: Քառորդ դար առաջ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելու իրավական հնարավորությունը միայն Հայաստանի քաղաքացիներինն էր, սակայն դրա արդյունքը պատմական ու ճակատագրական էր ոչ միայն Հայաստանի տարածքում բնակվողների, այլեւ նրա սահմաններից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող, սակայն իրենց այդ սահմանների ներսում համարող մեր միլիոնավոր հայրենակիցների համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի՝ մեր գրեթե միաձայն «այո»-ն նոր ճանապարհի գիտակցված ընտրության ազդարարումն էր: Մենք իրականության մեջ քայլեցինք երազանքի հետեւից եւ այն դարձրեցինք նոր իրականություն: Անցյալի պատմությունը մեր գիտակցության մեջ եւ մեր աչքերում` հավատով ու վստահությամբ շարժվեցինք առաջ` շարունակելով կերտել նոր իրողություններ եւ մեր նորագույն պատմությունը` Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարի է մենք ապրում ենք ինքնիշխան պետականությամբ օժտված մեր անկախ երկրում, որի սահմանները պայմանականորեն են բաժանում հայաստանաբնակ եւ արցախաբնակ, ամերիկաբնակ ու ավստրալաբնակ, եվրոպաբնակ ու ասիաբնակ հային, որովհետեւ հայրենիքը սահման չի ճանաչում եւ միավորում է այն հզորացնելուն ուղղված մեր մտածումներն ու ջանքերը, խոհերն ու զգացմունքները, գործերն ու գործողությունները:

25 տարիների ընթացքում մենք համայն հայությունից ոչ գործի ու ջանքի, ոչ էլ զգացմունքի ու անձնազոհ նվիրումի պակաս չենք ունեցել առ հայրենիք, առ Հայաստան, որոնք զգալի, տեսանելի ու շոշափելի են եղել թե՛ պատերազմական ժամանակներում, թե՛ խաղաղ ժամանակաշրջանում, թե՛ տնտեսական դաշտում, թե՛ ռազմաճակատում:

25 տարի է համահայաստանյան ու համահայկական ջանքերով Հայաստանի Հանրապետությունն իր մնայուն տեղն է ամրապնդել աշխարհի քաղաքական ու տնտեսական քարտեզի վրա, որն աշխարհաքաղաքական տարբեր շահերի հետեւանքով պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Անհրաժեշտ ճկունության ու շրջահայացության համադրումով մենք կարողացել ենք մշտական ամրագրում ստանալ այդ տարածության մեջ` դրսեւորելով սկզբունքայնություն ու հաստատակամություն, պահի եւ իրավիճակի համապատասխան զգացողություն: 25 տարվա ընթացքում շատերն են անարդյունք փորձել տարբեր, այդ թվում եւ ռազմական մեթոդներով ու միջոցներով խախտել համահայկականությունն ու սերն առ հայրենիք, փորձել են թե՛ Հայաստանի սահմաններից դուրս ու նրա սահմանների մոտ, թե՛ նրա սահմաններից ներս: Եւ 25 տարին մեզ համար դարձել է փորձության, ամրանալու եւ զարգանալու ժամանակաշրջան, որի ընթացքում միշտ մտածել ենք հաղթանակի եւ ոչ երբեք` պարտվելու մասին՝ առաջնորդվելով ու գործելով հաղթողի հոգեբանությամբ ու հաղթանակի տրամաբանությամբ: Մեր պետական ու հասարակական մտածելակերպում պարտվողականության գաղափարը տեղ չունի, որովհետեւ այդպիսի մտածողությամբ ոչ պետություն կկայանա, ոչ էլ հասարակություն: Մեր անվտանգությունն ու խաղաղությունն այդ կերպ` առանց հաղթանակի ու առաջընթացի ձգտման, առանց դրա գործնական դրսեւորման չեն կարող երաշխավորված լինել: Անվտանգությունն ու խաղաղությունը սահմանից սկսվելով` ձեւավորվում են նաեւ հենց երկրի ներսում` հասարակական ու քաղաքական դաշտում, սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների ողջամիտ լուծմամբ, հայրենիքի գաղափարի համահայկական ընկալմամբ, սփյուռքին հայրենիքի գորովանքով ու հոգատարությամբ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հայկական երկրորդ պետությանը, այդ ամենից բացի նաեւ անվտանգության երաշխավորի վստահությամբ վերաբերվելով, առավել եւս, որ Արցախը եղել է Հայաստանի անկախության ոգեղեն շարժիչ ուժն ու խթանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, 25 տարվա մեր կեցվածքը, մեր ընթացքը որպես պետություն ու ժողովուրդ վկայում են մեր վճռականության ու հաստատակամության, հավաքականության ուժի անվերապահ գիտակցումի մասին, ինչը մեր անընդհատ շարունակականության երաշխիքն է: Վերստին շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:


27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...