Տպել
22.09.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարտինա Քուիկին եւ գործերի հավատարմատար տիկին Մարգարետ Քրիստիանսոնին:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործունեության առաջնահերթությունները եւ ընդգծել երկու պետությունների խորհրդարանների միջեւ ակտիվ համագործակցության խթանման կարեւորությունը: Ընդգծվել է նաեւ վերջին տարիներին երկու երկրներում դեսպանությունների հիմնման դերն ու նշանակությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացի կարեւոր երաշխիք:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը բարձր է գնահատում Շվեդիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության ներգրավվածությանը Արեւելյան գործընկերության ձեւաչափին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ մասնակցությանը Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Շվեդիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Արտակ Զաքարյանը նաեւ անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ կարեւորելով 2010-ի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին եւ նշել Շվեդիայի մասնակցության կարեւորությունը, մասնավորապես, անդրադառնալով Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի շրջանակում Շվեդիան ներկայացրել եւ ելույթով հանդես էր եկել Ռիկսդագի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում Արտակ Զաքարյանը կարեւորել է ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության մերժողական եւ չեզոք դիրքորոշումը՝ կապված 2016 թ. հունվարի 26-ին «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ 2016 թ. հունվարի 26-ին «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձեւերի նախագծերի քվեարկության հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ տնտեսական կապերի աշխուժացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին դեսպան Քուիկը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու երկկողմ կապերի զարգացմանը:

Կողմերը նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցելությունների եւ հետագա փոխհամագործակցության վերաբերյալ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել շվեդ գործընկերներին: