Տպել
24.10.2016
Հոբելյանական ցուցահանդես խորհրդարանում
1 / 3

Հոկտեմբերի 24-ին խորհրդարանի Կանաչ սրահում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԺ պատգամավորների, աշխատակազմի ներկայացուցիչների, արվեստագետների եւ լրագրողների մասնակցությամբ բացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի հոբելյանական ցուցահանդեսը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, շնորհավորելով շնորհաշատ արվեստագետին, նշել է, որ խորհրդարանը մշտապես նեցուկ է արվեստագետներին, սատարում է նրանց եւ աջակցում՝ կազմակերպելու նման ցուցահանդեսներ։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Սուսաննա Մկրտչյանի մեծ ներդրումը ժամանակակից հայ կերպարվեստի զարգացման գործում։

«Սուսաննա Մկրտչյանի աշխատանքներում հնօրյա եւ նորօրյա Գյումրին է իր ողջ գեղեցկությամբ, իր արարող, միշտ դեպի գեղեցիկը ձգտող, ավանդապաշտ մարդկանցով, ովքեր հավատարիմ են իրենց հին ու նոր գեղեցիկ վարքուբարքին»,- նշել է Ազգային ժողովի փոխնախագահը։

Տաղանդավոր արվեստագետը երախտիքի խոսք է ասել խորհրդարանում հոբելյանական ցուցահանդեսի կազմակերպման համար, կարեւորել այն հանգամանքը, որ օրենսդիր իշխանությունը մշտապես սատարում է արվեստագետներին, կազմակերպում նրանց անհատական ցուցահանդեսները խորհրդարանի շենքում։

Նշենք, որ Սուսաննա Մկրտչյանը, սկսած 1970 թվականից, ունեցել է 42 անհատական ցուցահանդես, մասնակցել է բազմաթիվ միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսների։