ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 25-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ապագա լրագրողներին ընդունել եւ ավանդական բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Մինչ բաց դասի մեկնարկը՝ ուսանողները հետեւել են խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքին, ծանոթացել օրենսդրական աշխատանքի փուլերին:
Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը ներկայացրել է օրինաստեղծ աշխատանքը, խոսել խորհրդարանական գործունեության ընթացքում բանավեճի արդյունավետության մասին, կարեւորել անկախության եւ պետականության գաղափարը, կրթությունը, սեփական ուժերով նպատակներին եւ ձգտումներին հասնելը եւ այլն:
Ուսանողներն ԱԺ նախագահին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են կրթությանն ու ուսման վարձավճարների չափին, երկքաղաքացիությանն ու դրա առավելություններին, արտագաղթի աճին եւ դրա նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ապրիլյան պատերազմին եւ կորցրած տարածքներին, հին Երեւանի կառուցման հնարավորությանը եւ այլ հարցերի, որոնց նախագահը սիրով պատասխանել է:
Հանդիպումն ավարտվել է արդեն ավանդական դարձած լուսանկարով: