Փետրվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների եւ փոխայցերի դերը երկու պետությունների փոխհարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Արտակ Զաքարյանն ընդգծել է երկու պետությունների խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարեւորությունը՝ դիտարկելով այդպիսի համագործակցությունը որպես կարեւոր գործոն խորհրդարանական ձեւաչափում առկա ներուժի ակտիվացման համար:
Իր խոսքում դեսպան Ուրազաեւը եւս անդրադարձել է միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը՝ դիտարկելով այդ հարթակում համագործակցությունը որպես միջխորհրդարանական կապերի զարգացման խթան:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ պարոն Ուրազաեւը նշել է, որ Ղազախստանն այդ հարցում ձգտում է ունենալ եւ պահպանել զուսպ, հավասարակշռված դիրքորոշում:
Թիմուր Ուրազաեւն անդրադարձել է նաեւ առաջիկայում Ղազախստանում նախատեսվող սահմանադրական փոփոխություններին՝ ընդգծելով այդ հարցում հայ գործընկերների հետ փորձի փոխանակման կարեւորությունը:
Զրույցի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղազախստանի եւ Հայաստանի արտաքին եւ ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: