Տպել
03.03.2017
Գալուստ Սահակյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ Պետական դումայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ համակրանքի վրա:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է հասել Եվրասիական տնտեսական միությանը միանալով, ինչը լայն հնարավորություններ է ստեղծել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով օրենսդրական դաշտում համագործակցությանը` ՀՀ ԱԺ նախագահն այս շրջանակում բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի եւ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:

Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է փոխգործակցությունը խորհրդարանական վեհաժողովների շրջանակում` ընդգծելով, որ փոխադարձ աջակցությունը միջազգային հարթակներում բխում է մեր երկրների դաշնակցային շահերից:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Հայաստանը մշտապես հանդես է եկել հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին, սակայն բախվել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճին:

«Չնայած Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք եւ շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Հայկական կողմը կարեւորում է փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին` խորհրդարանի ղեկավարը երախտագիտությամբ է ընդգծել այն փաստը, որ դեռեւս 1995 թվականին է Պետական դուման ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ` ապրիլի 24-ը ճանաչելով ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «20-րդ դարասկզբին կատարված այս ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը կարեւոր նշանակություն ունի մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխարգելման գործում: Ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատգամն է ողջ մարդկությանը` այլեւս երբեք»,-նշել է Գալուստ Սահակյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ կապերն ունեն խոր արմատներ եւ ձեւավորված ավանդույթներ, որոնք պետք է պահպանել եւ առավել ամրապնդել: Պետական դումայի նախագահը, անդրադառնալով երկու երկրների ռազմավարական գործընկերությանն ու  միջխորհրդարանական հարաբերություններին, կարեւորել է միջազգային հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների համակարգված աշխատանքը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նա նշել է, որ Ռուսաստանն անում է հնարավորը տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս համատեքստում Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ իրենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի ձեւաչափում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ այս հանդիպումները նոր որակ կհաղորդեն եւ հեռանկարներ կստեղծեն երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:


09.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմ...

09.07.2024
Կարեւորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:  Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջե...

09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...