Տպել
06.03.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում
1 / 3

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ձեռքբերումները եւ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Ընդգծվել է մասնավորապես խաղաղապահների պատրաստմանը եւ ուսուցմանը, ռազմական կրթությանը, պաշտպանության ոլորտում խորհրդատվությունների տրամադրմանը վերաբերող միջոցառումների կարեւորությունը:

Նիք Գըրրը, արժեւորելով երկկողմ համագործակցության խորացումը, պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու հայ-բրիտանական փոխգործակցության շրջանակը՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման, նշված ոլորտների նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ընդլայնման, վերահսկողական գործիքների կիրառման արդյունավետության բարձրացման ուղղություններով: