Տպել
30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ:

Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները, որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին:

Պարոն Պինտոն իր հերթին ներկայացրել է կազմակերպության օրակարգում առկա խնդիրները եւ առաջիկա անելիքները:

Կողմերը փոխանակել են այն տեղեկատվական բազան, որն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական խորհրդարանում, ԵԽԽՎ-ում՝ ԼՂ հիմնախնդրի եւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրների վերաբերյալ: Քննարկվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ շփումներն առավել ակտիվ դարձնելու հարցը:

Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում առաջիկայում քննարկվելու է Ադրբեջանի լոբբիստների եւ «խավիարային դիվանագիտության» մեջ ներգրավված եվրոպացի պատգամավորների խնդիրը, որոնց ցանկում է նաեւ Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձեւի հեղինակ Միլիսա Մարկովիչը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ խնդիրը քննարկվել է նաեւ օրեր առաջ մեր երկիր ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունն իր անաչառ ջանքերը կգործադրի, որպեսզի եվրոպացի պատգամավորները եւ եվրոպական հանրությունն օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն ստանան թե՛ ԼՂ հիմնախնդրի, թե՛ նաեւ առանձին պատգամավորների իրական գործունեության վերաբերյալ: