Տպել
13.06.2017
Արա Բաբլոյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 13-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Սվեն Միկսերին խորհրդարանում, կարեւորել է բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը Էստոնիայի հետ:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-էստոնական հարաբերությունները պատմականորեն բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի վրա:

Արա Բաբլոյանը նշել է. «Այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական գործընթացներում եւ չափազանց կարեւոր են համապարփակ միջխորհրդարանական շփումները, որոնք իրենց առանձնահատուկ դերակատարումն ունեն հայ-էստոնական միջպետական հարաբերությունների սերտացման գործում»:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը եւ տեղեկացրել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կշարունակի ղեկավարել ԱԺ Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբը:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել տարբեր խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների սերտ ու արդյունավետ համագործակցությունը եւ Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ Էստոնիայի պատվիրակության հավասարակշռված դիրքորոշումը:

Արա Բաբլոյանը նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից է, քանի որ ԵՄ հետ մեր համագործակցությունը առաջին հերթին հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում»:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, վերահաստատել է Հայաստանի՝ ԼՂ հիմնահարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կարգավորելու դիրքորոշումը եւ նշել, որ եվրոպական արժեհամակարգ ունեցող ժողովուրդները այլ մոտեցումներ չեն կարող ունենալ:

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Եվրոպական միության խորհրդում Էստոնիայի մոտալուտ նախագահությանը եւ կարեւորել Հայաստանի հետ համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակում: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն չպիտի ուղղորդվի բռնությամբ. հանգուցալուծումը պիտի լինի դիվանագիտական, բանակցային ճանապարհով, եւ Եվրոպական միությունը պատրաստ է նպաստելու դրան:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանն այս տարվա նոյեմբերին, ինչպես նաեւ հայ-էստոնական հարաբերությունների  եւ բազմակողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին: