Տպել
27.06.2017
«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դեսպանի հետ իր առաջին հանդիպումը դրական խթան կհանդիսանա խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում:

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության արդյունավետության բարձրացման համար առկա հնարավորությունները եւ հույս հայտնել, որ այն առաջիկայում կլինի առավել սերտ եւ նպատակային: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական հարթակներում կառուցողական համագործակցությունը:

Իր հերթին դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում առավել արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանը՝ կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը: Ընդգծվել են նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների կատարելագործմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրեքսիթի գործընթացին եւ նշել, որ ցանկացած պարագայում Հայաստանը Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես եվրոպական արժեհամակարգի կրող երկիր եւ պատրաստ է հետագա երկկողմ ակտիվ համագործակցության: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Կարեւորվել է Բրյուսելի գագաթաժողովում Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին: Կարեւորվել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ  եւ հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանը եւ անելիքներին:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...