Տպել
06.07.2017
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ողջունելով հյուրին՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության խորացումը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: ՀՀ ԱԺ փոխնախագահը հայ-բրիտանական միջպետական կապերի զարգացման եւ ընդլայնման համատեքստում արժեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը: Այդ համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անհրաժեշտ է համարել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ շփումների ակտիվացումն ու փորձի փոխանակումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Միացյալ Թագավորության դեսպանության հետ առկա նպաստավոր համագործակցությանը: Արփինե Հովհաննիսյանը կարեւորել է դեսպանության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...