Տպել
27.09.2017
Նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
1 / 8

Սեպտեմբերի 27-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Բոստանջյանի նախագահությամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկու համաձայնագրերի, որոնք կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ համաձայնագիրն ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 4-ին՝ Սեուլում:

Նախատեսվում է, որ համաձայնագրի ընդունմամբ կողմերը կխթանեն եւ կխրախուսեն երկու երկրների միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության զարգացումը` հիմնված հավասարության եւ փոխըմբռման վրա եւ համապատասխան երկու երկրների ազգային օրենսդրությանն ու կանոնակարգերին: Նախատեսված ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի Համատեղ կոմիտե, որը բաղկացած կլինի յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներից, եւ որոնք պարբերաբար կհանդիպեն Երեւանում եւ Սեուլում: Արթուր Պողոսյանը նաեւ տեղեկացրել է, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ մշակութային համագործակցությունը, իրականացվել եւ շարունակվում են իրականացվել մի շարք միջոցառումներ:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է նաեւ «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Պայմանագիրն ստորագրվել է 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում: Պայմանագրին առայժմ միացել է 150 երկիր: Նշվում է, որ պայմանագրի բոլոր կողմ պետությունները Լուսինն ու մյուս երկնային մարմինները պետք է օգտագործեն բացառապես խաղաղ նպատակներով: Տիեզերական տարածությունը, այդ թվում՝ Լուսինն ու այլ երկնային մարմինները, հետազոտվում եւ օգտագործվում են հօգուտ եւ ի շահ բոլոր երկրների՝ անկախ դրանց գիտական կամ տնտեսական զարգացման մակարդակից, եւ այդ գործառույթները վերապահվում են ողջ մարդկությանը:

Հանձնաժողովն այնուհետեւ աշխատանքային ընթացակարգով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք, ինչպես նշել են հանձնաժողովականները, հստակեցման եւ լրամշակման կարիք ունեն: Այդ նպատակով հանձնաժողովը կներկայացնի մի շարք առաջարկներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Հրայր Թովմասյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը քննարկման է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդությունների, դատական հանձնարարությունների ու դատական ակտերի կատարման հետ կապված միջնորդությունների պատահական բաշխման կարգը: Բացի այդ՝ դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող 5 դատավորներին տրված արտոնությունների սահմանափակումը կնպաստի մյուս դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը, գործերի առավել հավասարաչափ բաշխմանը, որն էլ իր հերթին կնպաստի արդարադատության որակի արդյունավետության բարձրացմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Սարդարյանը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման, որոշ խմբա•րական փոփոխությունների, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականների, աշխատակազմի ղեկավարի խորհրդականների եւ օգնականների, Ազգային ժողովի խմբակցությունների փորձագետների (մասնագետների) պաշտոնները համարվում են հայեցողական, իսկ համապատասխան պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հավասարեցվում է հանրային ծառայության ստաժին:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը քննարկման է ներկայացրել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին ՀՀ ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացրած «Դատախազության մասին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծով առաջարկվում է Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել մրցույթի հայտարարման միջոցով համապատասխան թեկնածուների հայտերի ներկայացմամբ, եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին ընտրել մրցույթի արդյունքներով՝ որակավորման անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ:

Օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի քննարկումը հետաձգվել է:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ քննարկվել է ««Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը: 1972 թվականի մարտի 29-ին ստորագրված «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիան» ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1971 թվականի նոյեմբերի 29-ին՝ տիեզերական օբյեկտների կողմից վնաս հասցնելու համար պատասխանատվության վերաբերյալ արդյունավետ միջազգային կանոններ եւ ընթացակարգեր մշակելու եւ, մասնավորապես, նման վնասից տուժածներին անհապաղ, ամբողջական եւ արդարացի փոխհատուցման վճարումն ապահովելու, ինչպես նաեւ տիեզերական տարածության հետազոտման եւ խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն իր խոսքում նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արբանյակային կապի ներդրմանը եւ զարգացմանը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ներկայացրել է նաեւ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրն ընդունվել է 1967 թվականի դեկտեմբերի 19-ին: Համաձայնագրի նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում, ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն տիեզերագնացներին՝ պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում, ու ապահովել տիեզերագնացների, ինչպես նաեւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ««Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին»» եւ «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովն այնուհետեւ քննարկել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրել է, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նպատակը Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելն ու այդ խնդրի վերաբերյալ եզրակացություն կազմելը եվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնելն է: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն իր խոսքում նշել է, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա. փոխարենը կարելի է կազմակերպել տարբեր ձեւաչափերով քննարկումներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, կողմ լինելով քննարկումներին, այնուամենայնիվ բավարար չհամարեց հեղինակի ներկայացրած փաստարկները:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ մարտավարական առումով առաջարկը ճիշտ քայլ չէ. նման հարցի քննարկման համար ոչ ժամանակն է ճիշտ ընտրված եւ ոչ էլ՝ ձեւաչափը:

Ըստ հարակից զեկուցող Հերմինե Նաղդալյանի՝  ներկայացված հիմնավորումները փաստարկված չեն:

Իրենց տեսակետներն են հայտնել նաեւ պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Արարատ Զուրաբյանը, Արտաշես Գեղամյանը, Արամ Սարգսյանը, Կարեն Բեքարյանը:

«Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը չստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի» քննարկումը երկու ամսով հետաձգվել է:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Կորյուն Նահապետյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում քննարկվել եւ հանձնաժողովի որոշումներով սահմանվել են խորհրդարանական վերահսկողության թեմաներ՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կատարման ընթացքը», «Պետական սահմանի մասին» եւ «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքների եւ այդ ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը», «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի կատարման ընթացքը»:

Հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 11-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով եւ հոկտեմբերի 13-ին՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը»:

Նիստի օրակարգում ընդգրկված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է:



12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...