Տպել
23.10.2017
Ավարտվել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը
1 / 4

«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում» հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը:

Մրցույթին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի Հանրապետության թիմերը:

Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով առաջին տեղն զբաղեցրել է Սյունիքի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Շիրակի մարզերի թիմերը: 

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ողջունելով մրցումների մասնակիցներին, նշել է, որ 2001 թվականին, երբ նախաձեռնում էին կազմակերպել դպրոցականների մրցումները, իրականացման հետ կապված որոշ մտավախություն կար, սակայն այսօր միջոցառումն անցկացվում է արդեն 17-րդ անգամ: Վարդեւան Գրիգորյանը շնորհավորել է մրցանակակիրներին եւ հույս հայտնել, որ նրանցից շատերը պրոֆեսիոնալ մարզիկներ կդառնան:

Ողջունելով մասնակիցներին եւ հաղթողներին` ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` շեշտելով, որ մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, խորհրդանշական իմաստ ունեն: Ըստ նրա՝ իրականում բոլոր մասնակիցներն էլ արժանի են մրցանակների:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային եւ ամփոփիչ հանրապետական: Մրցույթն անցկացվում էր 17-րդ անգամ, մասնակցում էին հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները: