Տպել
01.11.2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձեւն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում». Արմեն Աշոտյան
1 / 1

ՀՀ ԱԺ պատվիրակությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Կիեւում մասնակցում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Կիեւից հայտնել է, որ վեհաժողովի աշխատանքների համար խորհրդարանական պատվիրակության կողմից պատրաստվել եւ շրջանառվել է «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող բանաձեւի հրատապ նախագիծ, որն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստում:

Ընդունված բանաձեւը հղում է կատարում միջազգային բազմաթիվ իրավական ակտերի եւ փաստաթղթերի, այդ թվում նաեւ ռոբոտաշինության ոլորտի 116 հիմնադիրների եւ 26 պետությունների առաջատար կազմակերպությունների կողմից ՄԱԿ-ին հղված նամակին՝ մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության եւ դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ:

«Հայկական պատվիրակության ներկայացրած բանաձեւը նախեւառաջ վերաբերում է վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Այս կապակցությամբ հարկ է հիշատակել վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից զենքի վաճառքի եւ արտահանման հետ կապված իսրայելական արտադրողի լիցենզիայի ժամանակավոր կասեցման նախադեպը՝ կապված Ադրբեջանի հորդորով Լեռնային Ղարաբաղում դիրքերի ուղղությամբ իրականացված հարվածների հետ»,- հաղորդել է պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:

Ընդունված բանաձեւի համապատասխան կետով Վեհաժողովը կարեւորում է ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ ինքնավար զենքերի թիրախավորված կիրառումը: Արեւելյան գործընկերության երկրներին նաեւ կոչ է արվում նպաստելու թափանցիկ եւ հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot»-ների կիրառման հետ: Բանաձեւում կարեւորվել է նաեւ հակամարտության գոտիներում հետաքննության մեխանիզմների ներդրումը՝ նպատակ ունենալով բացահայտել եւ կանխարգելել այնպիսի մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն հակամարտության գոտիներին հարակից տարածքներում ապրող խաղաղ բնակչության նկատմամբ կամայական գործողությունների իրականացմանը:

Բանաձեւին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...