Տպել
03.02.2005
Հայտարարություն

Հավատարիմ մնալով խորհրդարանական համագործակցության ոգուն,

ափսոսանք հայտնելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակման փուլում համաձայնության սկզբունքով համատեղ աշխատելու կոալիցիայի առաջարկը դրական արձագանք չունեցավ ընդդիմության կողմից,

կարեւորելով ընդդիմության կառուցողական դերակատարությունը եւ մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին,

կարեւորելով Սահմանադրական փոփոխությունների մշակման եւ ընդունման գործընթացում առավել լայն համաձայնության ապահովման անհրաժեշտությունը եւ վերահաստատելով կոալիցիայի պատրաստակամությունը` այդ գործընթացում լայն համագործակցության համար,

ողջունելով «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների ցանկությունը` Սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին  մասնակցելու վերաբերյալ,

արժեւորելով համատեղ աշխատանքը նախագծի փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ դիրքորոշումների ձեւավորման համար,

համարելով երկու խմբակցությունների ներկայացրած առաջարկությունները հանգամանալից քննարկման արժանի,

ընդգծելով, որ «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների , ինչպես նաեւ այլ առաջարկությունների նկատմամբ  դիքորոշումների հստակեցման համար կարեւոր նշանակություն ունեն ինչպես հասարակական–քաղաքական քննարկումները, այնպես  էլ խորհրդարանական աշխատանքը ԱԺ գլխադասային հանձնաժողովում եւ լիագումար նիստում,

կոչ ենք  անում առաջարկությունների հեղինակներին` մասնակցել այդ գործընթացին, որի ընթացքում կձեւավորվեն վերջնական դիրքորոշումները թե այդ առաջարկություններում նշված պետական կառավարման, դատական եւ տեղական ինքնակառավարման համակարգերի, եւ թե Սահմանադրության մյուս բաժինների բարելավման վերաբերյալ :

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Հայ Հեղափոխական Դաշնակցություն

«Օրինաց երկիր» կուսակցություն