Տպել
06.12.2017
ՀՀ Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը վերսկսել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 111 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: Ընդհանուր առմամբ՝ նախագծի ծախսային մասը փոփոխվել է մոտ 15 մլրդ դրամով: Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ խորհրդարանականների ներկայացրած առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների, սակայն հիմնականում չեն նշվել այն ծրագրերը, որոնք առաջարկվում է լրացուցիչ ֆինանսավորել: Պետական բյուջեի ծախսային մասը խորհրդարանականներն առաջարկել են ավելացել 16,4 մլրդ դրամով:

Առաջարկներ է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարությունը: Փոփոխությունների արդյունքում ընդունվել է առաջարկների մի մասը: Մասնավորապես՝ լրացուցիչ 4 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահության ոլորտին, որի շնորհիվ կավելացվի հիվանդանոցային, արտահիվանդանոցային որոշ ծրագրերի ֆինանսավորումը: 1 մլրդով կավելացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվող ֆինանսավորումը, 1,5 մլրդ դրամ նախատեսված է տարադրամի փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված: Նախարարի խոսքով՝ սեպտեմբերից ի վեր փոփոխվել են դոլարի եւ եվրոյի փոխարժեքները, իսկ որոշ գնումներ կատարվում են հենց այդ տարադրամներով: 4 մլրդ դրամով ավելացվել է պետական բյուջեի պահուստային ֆոնդը, որը մասամբ պայմանավորված է 2018 թվականին նախատեսված 3 կարեւոր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ: 1 մլրդ դրամով կավելացվի «Հայաստան» զորախմբի ֆինանսավորումը:

2018 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156,9 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարեւորում է պետական բյուջեի ծախսային հետեւյալ գերակայությունները:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունները

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության դրական կարծիքը ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Իր ելույթում նա դրական է գնահատել նախագիծը եւ համոզմունք հայտնել, որ այն տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող նախագիծ է: Ըստ բանախոսի՝ այն նաեւ երկիրը որակական նոր զարգացման կբարձրացնի:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է սպասվող թանկացումներին, խոսել փաստացի թանկացումներից, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ՀՀ հարկային նոր օրենսգրքով եւ ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի՝ առաջիկա հունվարից ուժի մեջ մտնելով:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձել է մեր երկրում կոռուպցիոն դրսեւորումներին, քննադատել կառավարության կողմից իրականացվող քայլերը, խոսել պետական պարտքի ավելացող ծավալներից, աղքատության վիճակագրական տվյալներից, գնաճի տեմպերից: Խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է առողջապահության ոլորտում հատկացումներին, ներդրումների նկատմամբ վերահսկողության իրականացման հարցին: Պարոն Բաղդասարյանի խոսքով՝ կառավարությունը հեռանկարային ծրագիր է ներկայացրել, բյուջետային փաստաթուղթը նպատակային է, իրատեսական: Այն կայունացման բյուջե է՝ միտված ապագային. կառավարությունը պահի խնդիր չի լուծում: ՀՀԿ խմբակցությունը կողմ է նախագծին:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների անունից տեսակետներ են հայտնել հանձնաժողովների նախագահները

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ առողջապահության ոլորտի ծախսերի կրճատման հարցը կառավարության հետ քննարկվել է, արդյունքում՝ պետական բյուջեի նախագծում ներդրվել են 2017 թվականի չափորոշիչները, ծախսերը գրեթե ամբողջությամբ վերականգնվել են: Պարոն Հակոբյանը կարեւորել է էլեկտրոնային առողջապահության համակարգի, ոլորտում անկախ առաջնային օղակի ներդրումը, խոսել աղքատության կրճատմանն ուղղված արդյունավետ քայլերի մասին:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը նշել է, որ բնակչության կյանքի ու կենցաղի մակարդակի իրական գնահատականից կտրված բյուջե է ներկայացված: Նրա խոսքով՝ բյուջեն պետք է համարժեքորեն արձագանքի երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Պարոն Գրիգորյանը խոսել է նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդի հնարավոր թանկացումների մասին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն անդրադարձել է իրավիճակի քաղաքական գնահատականներին ու տնտեսական քաղաքականության իրականացմանը: Պարոն Հարությունյանի գնահատմամբ՝ բարեփոխումները, իհարկե, բավարար չեն, բայց կառավարության որդեգրած ուղղությունը, հիմնական դինամիկան արդարացված է եւ ժամանակի պահանջներին համահունչ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կառավարությունը 2018 թվականին տնտեսական զարգացման համար իրական հատվածը զարգացնելու նախադրյալներ է ստեղծում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության գերակայությունները, այն հնարավորություն է տալու լուծել ՀՀ զինված ուժերի առջեւ դրված առանցքային խնդիրները, էապես բարձրացնելու է ՀՀ զինված ուժերի կարողությունները: Պարոն Նահապետյանը հավելել է, որ մեր բանակի պատրաստականության կատարելագործմանն ուղղված ծրագրերը նպաստելու են բանակի արդիականացման նոր փուլի իրականացմանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում դրվել է հարկաբյուջետային եւ պետական պարտքի կայունության, երկարաժամկետ, կայուն տնտեսական աճի համար բարենպաստ միջավայրի ձեւավորման, ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալների ընդլայնման տեսլականը: ՀՀ ԱԺ պատգամավորների եւ խմբակցությունների կողմից կառավարությանը ներկայացվել է 111 առաջարկ, որոնց ընդունման ժամանակ գործադիրն առաջնորդվել է տրամադրվելիք միջոցների արդյունավետության եւ նպատակայնության ապահովման սկզբունքով: «2018 թվականի բյուջեի նախագիծը կազմված է՝ հաշվի առնելով պետության առջեւ ծառացած առաջնային խնդիրների լուծման հրամայականը, այն հավասարակշռված է, իրատեսական եւ նպատակ ունի ամուր հիմքեր ստեղծել ապագա զարգացումների համար: Հանձնաժողովը կոչ է անում կողմ քվեարկել»,-ասել է պարոն Մինասյանը:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ տես այստեղ:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին ու քննադատություններին, ներկայացրել հարկաբյուջետային քաղաքականության իրականացման հիմնական հենասյուները՝ վստահեցնելով, որ կառավարությունը ճշգրիտ քաղաքականություն է իրականացնում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Բույսերի սորտերի պահպանության մասին» եւ դրանց կից օրենքների նախագծերի փաթեթները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով : Oրենքի նախագիծը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնություն հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Փոխնախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն իր մեջ ամփոփում է ոլորտի բնութագրական կարգավորումները, եւ հաջողվել է ստանալ այնպիսի նախագիծ, որն ի զորու է փարատել հանրության շրջանում առկա մտահոգությունները:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Նա անդրադարձել է հասարակական մեծ հնչեղություն ստացած նախագծին եւ նշել, որ առաջին տարբերակում առկա խնդրահարույց դրույթները հիմնականում հանվել են քննարկվող նախագծից: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ նախագծում դեռս կան այնպիսի դրույթներ, որոնք ենթակա են քննարկման:

ՀՀ ԱԺ պատգամավորները՝ նախագծի վերաբերյալ

Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է նախագծի տերմինաբանությանն ու շարադրանքին, ներկայացրել որոշ դրույթների վերաբերյալ իր մտահոգությունները: Ըստ նրա՝ նախագիծը չի նպաստելու ընտանիքներում բռնությունների թվի նվազեցմանը: Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է նախագծի խնդրահարույց դրույթներին, մատնանշել նախագծում առկա թերությունները: Աղվան Վարդանյանը կարեւորել է լրամշակված փաթեթի ընդունումը, ներկայացրել հայկական ավանդական ընտանիքի տեսլականը՝ ափսոսանք հայտնելով, որ այն երբեմն խաթարված է ներկայանում: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է օրենսդրական նախաձեռնությունը, սակայն անհրաժեշտ համարել դրա որոշ դրույթների լրամշակումը: Նա մասնավորապես անհրաժեշտ է համարել ոստիկանության կողմից ընտանիքի գործերին անհարկի միջամտության կանխարգելումը: Հրայր Թովմասյանը կարեւորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը: Նաիրա Զոհրաբյանը խոսել է ընտանեկան բռնությունների մասին՝ նշելով, որ դրա մեկ դեպքն անգամ մտահոգիչ պետք է լինի: Տիկին Զոհրաբյանը կողմ է նախագծին: Հայկ Բաբուխանյանն ընդգծել է, որ ընտանիքում համերաշխությունը վերականգնելու խնդիր չկա, կա համերաշխության ապահովման խնդիր: Գեւորգ Գորգիսյանն անդրադարձել է մասնավորապես բռնության դեպքի մասին ահազանգմանը, բռնարարից զենքի առգրավմանը, ոստիկանի որոշմամբ անհետաձգելի միջամտությունների դադարեցմանը վերաբերող դրույթներին եւ առաջարկներ ներկայացրել: Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ օրենքի նախագծի ընդունումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ: Տիկին Աճեմյանը եւս կողմ է օրենքի նախգծի ընդունմանը: Ալիկ Սարգսյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, նշել է, որ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերով արդեն իսկ կարգավորված են այս փաստաթղթով լուծվող մի շարք խնդիրներ: Նա օրենքի նախագծի վերաբերյալ տարակարծությունները պայմանավորել է հանրության ոչ լիարժեք իրազեկմամբ եւ հավելել, որ նախագիծն ավանդական ընտանիքների համար վտանգավոր դրույթներ չի պարունակում: Արմենուհի Կյուրեղյանի կարծիքով՝ պետք է հասարակությունում առկա կարծրատիպերը փոխել: Նա նշել է, որ չկանխելով բռնությունը՝ նպաստում ենք ապագայում նոր բռնությունների իրականացմանը: Լենա Նազարյանը խոսել է բռնության դեմ իրական պայքարի կարեւորության մասին: Միհրան Հակոբյանի խոսքով՝ օրենքը պետք է բռնությունը կանխարգելող լինի: Պատգամավորն անդրադարձել է նաեւ հանրային քննարկումների որակի խնդրին: Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ օրենքն անհրաժեշտ է, եթե անգամ այն մի կնոջ կյանք կարող է փրկել:

ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները օրինագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընտանեկան ու ազգային ավանդույթների մասին, ընդգծել է, որ այս օրենքը մեր երկրի համար է: «Եթե չեք ցանկանում, որ ձեր ընտանեկան խնդիրներին որեւէ մեկը միջամտի, ուրեմն մի արեք այնպես, որ ձեր ընտանեկան խնդիրը դառնա ձեր հարեւանների, շենքի, թաղի, երկրի, պետության հարցը, ուրեմն մտահոգվեք ձեր ընտանիքի ներսում հարաբերությունների մասին այնպես, որ դա լինի բացառապես ձեր ընտանեկան գործը: Ով ուզում է, որ այս օրենքն իր ընտանիքին չվերաբերի, դա կարող է անել իր ընտանիքում համապատասխան պահվածք ձեւավորելով եւ համապատասխան մթնոլորտ հաստատելով»,-ասել է պարոն Փաշինյանը:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը մեր հասարակությունում առկա կեղծ մտածողությունն ու տրամադությունը շտկելու սկիզբն է: Նրա խոսքով՝ օրենքի դրույթների իրականացմանն սպասարկող համակարգերը՝ ոստիկանություն, սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ եւ այլն, պետք է վերապատրաստվեն. նրանց համագործակցված աշխատանքը եւս կարող է նպաստել հասարակության առողջացմանը: Բռնության կանխարգելման աշխատանքներ պետք է իրականացվեն դեռեւս վաղ տարիքից:

Արտահերթ ելույթ է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը

Նա ընդգծել է, որ ընտանեկան հարաբերությունները կարգավորված չեն օրենսդրությամբ եւ չեն էլ կարգավորվելու, ինչը, ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով, հիմնական թեզն է, որը պետք է հնչի օրինագծի քննարկման ժամանակ: Անդրադառնալով պատգամավորների ելույթներին ու առաջարկներին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ընտանիքում համերաշխությունն օրենքով չի կարգավորվում, այդ թվում նաեւ համերաշխության վերականգնումը: «Խնդիրը կեղծ օրակարգ ստեղծելը չէ, պետք է ազդակ ուղղել հանրությանը, որ որեւէ մեկը չի միջամտում ձեր ընտանեկան կյանքին»,-ասել է Արփինե Հովհաննիսյանն ու հավելել, որ խնդրի դեպքում հնարավոր է որոշակի գործիքակազմով այն լուծել՝ նպաստելով համերաշխության վերականգնմանը:

Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ պետությունը չի միջամտելու ընտանեկան խնդիրներին, քանի դեռ այդ ընտանիքում որոշակի կարգավիճակ ունեցող որեւէ մեկը չի բարձրաձայնի իրական խնդրի գոյության մասին:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը խոսել է նաեւ ոստիկանության ունեցած դերի, ավանդական ընտանեկան արժեքների մասին:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


11.07.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ավետիսյանի թեկնածությունը: Մրցութ...

11.07.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...