Տպել
08.12.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
1 / 6

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի Լեւ Տոլստոյի անվան համար 128 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Հյուրերը խորհրդարանի շենքում շրջելուց, ԱԺ հերթական նիստերի աշխատանքին հետեւելուց հետո մասնակցել են ավանդական դարձած բաց դասին, որը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, անդրադարձել նրա գործունեությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, մշտական հանձնաժողովների, բարեկամական խմբերի գործառույթներին:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ պատգամավորը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարբեր ոլորտների խնդիրների կարգավորմանը:

Աշակերտները պատգամավորին ներկայացրել են նաեւ իրենց մտահոգող խնդիրները, որոնց թվում էին անհրաժեշտ քանակի համակարգիչների, ինչպես նաեւ բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը իրենց կրթօջախում:

Ռուզաննա Մուրադյանը խոստացել է աշակերտներին առաջիկայում այցելել դպրոց եւ ներկայացված խնդիրների համար գտնել համապատասխան լուծումներ:

ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին խորհրդարան են այցելել նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին:

Հերթական բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը: Ողջունելով ուսանողներին Ազգային ժողովում՝ Կարինե Աճեմյանը ներկայացրել է օրենսդիր իշխանության գործունեությունը, անդրադարձել երկրի սոցիալ -տնտեսական, մշակութային խնդիրներին: Պատգամավորն անդրադարձել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում իրականացվող քայլերին ու օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին:

Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Կարինե Աճեմյանին, որոնք մասնավորապես վերաբերել են Արցախյան հիմնախնդրին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, հայկական մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու խնդիրներին:

Բաց դասերն ամփոփվել են ավանդական լուսանկարներով: