Տպել
11.02.2005
Հանդիպում խորհրդարանում

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի կույրերի միավորման նախագահության անդամներին: Հանդիպման առանցքում կույր հաշմանդամների նկատմամբ պետական քաղաքականության խնդիրներ էին` խորհրդարանի նախագահին ներկայացվեցին Երեւանում եւ մարզերում գործող ձեռնարկությունների վիճակին, դրանց տարածքներին, հարկային արտոնություններին առնչվող պրոբլեմներ: Մասնավորապես` Գյումրու մասնաճյուղի ձեռնարկության վերականգնման եւ Երեւանի Իսահակյան փողոցումգտնվող իրենց տարածքի ապօրինի սեփականաշնորհման վերանայման, կույր հաշմանդամների աշխատատեղերի ստեղծման, ձեռնարկություններում նոր տեխնոլոգիաների ներդրման, ֆինանսական  աջակցության եւ այլն:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամների խնդիրները խորհրդարանի ուշադրության կենտրոնում են եւ հենց այդ խնդիրներին լուծումներ տալու համար է ստեղծվել ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող խորհուրդը: Հաշմանդամներին առնչվող օրենսդրությունը լրամշակման կարիք ունի` ներառելով թե ինստիտուցիոնալ խնդիրները, թե հաշմանդամության առանձին տեսակներին առնչվող պրոբլեմները: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կույր հաշմանդամներին օգնելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի միավորմանը  ենթակա ձեռնարկությունների վիճակն ու խնդիրները, նրանց առնչվող օրենսդրական ու գործնական հարցերը: Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահության անդամներին առաջարկվեց նաեւ որոշակի ծրագրեր մշակել եւ ուսումնասիրելով միջազգային փորձը`  հասարակության մեջ լիարժեք ինտեգրման տարբերակներ մշակել, որոնց իրականացմանը խորհրդարանի նախագահը խոստացավ աջակցել: