Տպել
17.01.2018
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 17-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Առաջարկվող լրացումներով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունն ու ձեւերը: Ըստ հիմնական զեկուցողի՝ շարժական տեսաձայնագրող, լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման պարագայում պետք է ծանուցվի բանավոր, իսկ անշարժ սարքավորումների դեպքում՝ համապատասխան վայրերում պետք է տեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ կամ էլ տվյալ վայրերի հասցեները հրապարակվեն ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում:

Վարդան Եղիազարյանի խոսքով՝ հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետ կսահմանվի 7 օրը, որից հետո դրանք կոչնչացվեն: Միաժամանակ կամրագրվեն այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովում քննարկվել եւ ստացել է դրական եզրակացություն: Նա գործընկերներին վստահեցրել է, որ նպատակը միանգամայն լեգիտիմ է, եւ հանցագործությունների կանխման, բացահայտման, հասարակական կարգի պահպանության ապահովման գործում ոստիկանությունը կարող է ունենալ լուսանկարահանող եւ տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու լիազորություն: Ըստ նրա՝ այլ հարց է, որ պետք է պահպանված լինեն այն պայմանները, որոնք նախատեսված են համապատասխան փաստաթղթերով:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ վստահության ճգնաժամի խնդիր կա կապված նախագծի իրական նպատակի հետ: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը պետք է քննարկվեր ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, քանի որ այն վերաբերում է մարդու իրավունքների սահմանափակմանը: Ըստ պատգամավորի՝ որեւէ մեկը դեմ չէ անվտանգության, հանցագործությունների կանխման, ահաբեկչության դեմ պայքարի հարցում ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը, բայց վստահություն չկա, որ դա այլ նպատակներով չի օտագործվի: ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսել է տեսախցիկները ոչ միայն հանրային, այլ նաեւ մասնավոր վայրերում տեղադրելու խնդրից, հրապարակային եւ գաղտնի նկարահանումների իրականացումից: ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանի գնահատմամբ՝ նախագիծը միջամտություն է մարդու իրավունքների պաշտպանությանը: Նա եւս կարծում է, որ այն պետք է քննարկվեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել պետական կառավարման մի շարք մարմիններում՝ դրանց աշխատանքը հանրության համար թափանցիկ դարձնելու նպատակով:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Գեւորգ Պետրոսյանը: Պատգամավորը, չվիճարկելով, որ նախագծի նպատակը կարող է նաեւ լեգիտիմ լինել, անդրադարձել է այդ նպատակին հասնելու միջոցի լեգիտիմությանը: Նա մասնավորապես խոսել է օրենսդրական նախաձեռնության իրավական կարգավորումներին առնչվող խնդրիների մասին:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հարցի քաղաքականացումն օբյեկտիվ չէ, քանի որ նպատակը քաղաքացու պաշտպանությունն է, հասարակական կարգի պահպանությունը եւ հնարավոր հանցագործությունների կանխումն ու կանխարգելումը: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ՝ խորհրդարանը կողմ պետք է քվեարկի նախագծին:

Եզրափակիչ ելույթում Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ նախագծի նպատակն իրական ու լեգիտիմ է, այն հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վրա: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխման եւ կանխարգելման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Ամփոփիչ ելույթում Վարդան Եղիազարյանը վստահեցրել է, որ նախագիծը ոստիկանության գործառույթները կանոնակարգելու եւ հստակեցնելու նպատակ ունի:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախագիծը:

Սպառելով օրակարգը՝ ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...