Տպել
29.06.2018
Բարեկամական խմբի անդամները ներկայացրել են Բուլղարիա կատարած այցի արդյունքները
1 / 5

Հունիսի 19-20-ը Բուլղարիա էր այցելել ՀՀ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խումբը: Վերջինիս ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը, խմբի անդամներ Արամ Սարգսյանը եւ Միհրան Հակոբյանը այցի մանրամասները ներկայացրել են հունիսի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Ջեմմա Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահի տեղակալ Էմիլ Խրիստոն, հանդիպումներ են եղել Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի, Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում գործընկերները կարեւորել են բարեկամական հարաբերությունների զարգացումն ու կապերի ընդլայնումը քաղաքական, տնտեսական, մշակույթի, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:

Հայ պատգամավորները, մասնավորապես, ուսանելի են համարել ԵՄ անդամ Բուլղարիայի փորձը Հայաստանի համար Եվրամիության ընտանիքին անդամակցելու ճանապարհին:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել բուլղար գործընկերներին՝ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար գործադրած ջանքերի համար:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին. հայկական կողմը կարեւորել է խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Բարեկամական խմբերի հանդիպման ավարտին, որտեղ քննարկվել են քաղաքական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում փոխաջակցությանը, տնտեսական եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի եւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի միջեւ ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

Արամ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերել են մինչեւ 16 տարեկան երեխաներին ՀՀ անձնագրերի տրամադրմանը, բուլղարական համարանիշերով մեքենաների՝ Հայաստան մուտք գործելուն: Հայ խորհրդարանականները խոստացել են այս եւ հուզող այլ հարցերի մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը:

Միհրան Հակոբյանը նույնպես կարեւորել է Բուլղարիայի հետ բազմակողմ կապերի ամրապնդումը, խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ օգտագործումն ու շփումների սերտացումը, անդրադարձել զբոսաշրջության զարգացման միտումներին:

Ջեմմա Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունը պարգեւատրվել է Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանի հուշամեդալով: