Տպել
09.08.2018
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկությամբ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը:

Հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է եւ գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։

Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Արցախի խնդրին: Այդ առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

«Արցախը փաստացի անկախ պետություն է, իսկ ԼՂ հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։