Տպել
12.04.2005
«Մարսը» եւ մյուս ձեռնարկությունները կսկսեն աշխատել

Ապրիլի 12-ին պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ:

Հանդիպման ընթացքում փոխըմբռնումի մթնոլորտում քննարկվեց հարցերի լայն շրջանակ, որ ներառում է միջխորհրդարանական համագործակցությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կատարումը, լաստանավային փոխանցուղու աշխատանքը, Ռուսաստանաբնակ հայերի իրավական կարգավիճակը`մասնավորապես իննսուն օրով առաբց վիզայի ՌԴ-ում գտնվելու հարցը, գիտակրթական կապերի զարգացումը: Ի պատասխան Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցադրումների` պարոն Գրիզլովը անդրադառնալով «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի կատարման ընթացքին` նշեց կատարված աշխատանքները եւ հավելեց, որ «Մարս» գործարանի մասով մշակված է բիզնես-պլանը, կատարված են հողային ու վերանորոգչական-վերականգնողական, տեխնոլոգիական ցիկլերի ավարտման նախնական աշխատանքները, հաստատված է պատվիրատուն եւ ձեռնարկությունը շուտով կսկսի աշխատել, աշխատանքեր են կատարվում նաեւ մյուս ձեռնարկությունների մասով: Օրենսդրական կարգավորում կամ համաձայնագրի կնքում է ակնկալում նաեւ հայերի իրավական կարգավիճակի հարցը, որը քննարկման փուլում է:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդումնախագահ Սերգեյ Միրոնովի հետ հանդիպման առանցքում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Պարոն Միրոնովը կարեւորելով միջռեգիոնալ համագործակցության կայացումը` խոստացավ աջակցել կենտրոնի հետագա աշխատանքներին: Նա Դաշնային ժողովի կողմից պատրաստակամություն հայտնեց նպաստել եւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի կատարմանը, եւ միգրացիոն նոր օրենքում, որ մշակվում է ՌԴ-ում երկկողմանի հարաբարերությունների հաստատման համապատասխան հոդվածի ներառմանը, եւ տրանսպորտային հարցերի լուծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ գիտամշակութային համատեղ ծրագրերի իրականացման, գիտությունների ազգային ակադեմիաների ճյուղային ինստիտուտների համագործակցության հարցերը:

ՌԴ Դաշնության խորհրդում երկու խորհրդարանների նախագահների մասնակցությամբ բացվեց ցուցահանդես` նվիրված 1915 թ. հայերի ցեղասպանության 90-ամյակին: Բացելով ցուցահանդեսը` պարոն Միրոնովը նշեց, որ մարդկությանպատմության ամենամեծ ողբերգություններից մեկը տեղի է ունեցել հայերի հետ եւ դա երբեք չպետք է մոռացվի, որի վկայությունն է նման ցուցահանդեսի բացումը իբրեւ հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս կարեւորեց ցեղասպանության պես ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը, որը կկանխի նման ողբերգությունների կրկնությունը:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ  Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ` պարոն Ֆրադկովը նշեց, որ ՌԴ նախագահի մարտին Հայաստան այցելությունից հետո տրվել են հանձնարարականներ Երեւանում քննարկված խնդիրների շուրջ: Կառավարության նախագահը նշեց, որ օբյեկտիվ պատճառներով այդ հանձնարարականների կատարումը կարող է ձգձգվել, բայց կայացած սկզբունքային համաձայնությունները անպայման կիրագործվեն: Անդրադառնալով Կովկաս-Փոթի լաստանավային փոխանցուղուն` պարոն Ֆրադկովը նշեց նաեւ երկրորդ գծի ստեղծման կարեւորությունը, որը կնպաստի Հայաստան ներմուծվող ու Հայաստանից արտահանվող ապրանքաշրջանառության մեծացմանը: Քննարկվեց նաեւ Հյուսիս-հարավ միջանցքին Հայաստանի միանալու հնարավորությունը: Նա խոստացավ քննարկել եւ լուծումներ գտնել նաեւ միջռեգիոնալ համագործակցության կենտրոնի ֆինանսավորման խնդրին: Ռուսաստանում միգրացիայի կարգավորման մասին օրենքի շրջանակներում կներառվի նաեւ ռուսաստանաբնակ հայերի իրավականկարգավիճակի հարցը, նրանց իննսուն օրով առանց վիզայի ՌԴ-ում գտնվելու հարցի լուծումով: Առաջիկայում կկոնկրետանան նաեւ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների վերագործարկման խնդիրները: ՌԴ կառավարության նախագահը կարեւորեց հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: