Տպել
29.04.2005
Հանդիպումներ Թբիլիսիում

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Թբիլիսիում հանդիպեց Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հետ եւ նրան փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրական ողջույներն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային կապերին առնչվող հարցեր: Ելնելով եկեղեցիների պահպանության անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահը առաջարկեց պատրիարքին քննարկել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակի հարցը: Առաջարկվում է եկեղեցիներին տալ հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ` այս հարցը եւ խորհրդարանում, եւ պատրիարքարանում դրական արձագանք գտավ: Այսօր կան ինը եկեղեցիներ, որոնց առնչությամբ վրացական կողմը ներկայացնում է իր հավակնությունները` համարելով, որ դրանք կառուցված են վրացական եկեղեցու հիմքերի վրա: ՀՀ ԱԺ նախագահի եւ Վրաստանի պատրիարքի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների հարցով: Պատրիարքն առաջարկեց Հայաստանում եւս ստեղծել վրացական եկեղեցու ներկայացուցչություն, որը եւս կարեւոր քայլ է երկու եկեղեցիների խնդիրների քննարկման ու լուծման` համագործակցությանհամար:

Պատվիրակությունը եղավ Խոջիվանքի հայկական պանթեոնում եւ հարգանքի իր տուրքը մատուցեց այնտեղ հուղարկավորված հայ մեծերի հիշատակին:

Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն այցի ընթացքում խորհրդարանի նաագահին ներկայացվեցին թատրոնի պատմությունն ու խնդիրները: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի խնդրանքով ԱԺ նախագահը խոստացավ հյուրախաղերի մեկնելու համար մեկ ավտոբուս նվիրել թատրոնին:

Նույն օրը Թբիլիսիում տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի անդամների հետ: Վրաստանում ՀՀ դեսպան Գեորգի Խոսրոեւը ներկայացրեց հայ համայնքի անդամներին, որից հետո ծավալվեց բաց ու անկաշկանդ խոսակցություն: Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը համայնքի անդամներին պատմեց իր հանդիպումների ու դրանց ընթացքում քննարկված հարցերի, պայմանավորվածությունների մասին: Համայնքի ներկայացուցիչների խոսքը վերաբերում էր հիմնականում սոցիալ-տնտեսական ու գիտակրթական հարցերին: Առանձնահատուկ ուշադություն դարձվեց Ախլցխայի ու Ջավախքի դպրոցներին, այնտեղի բնակչության աշխատանքով ապահովվածության հարցերին: Արթուր Բաղդասարյանն ասաց, որ թե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, թե խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ այդ հարցերը քննարկվել են, եւ Վրաստանի ղեկավարները խոստացել են հնարավորինս արագ այդ խնդիրներին լուծումներ տալ: Ուրախությամբ ընդունվեց այն տեղեկությունը, որ առաջիկայում երկու խորհրդարանների նախագահները պայմանավորվել են միասին այցելել Ջավախք: Նշվեց, որ Վրաստանը սկզբունքորեն փոխել է իր դիրքորոշումը աբխազական երկաթուղու վերաբացման առնչությամբ եւ այժմ այդ հարցը դիտարկվում է տնտեսական կապերի ամրապնդման տեսակետից, քննարկվում են մասնավոր ներդրումներ կատարելու ու եվրոպացիների մասնակցության տարբերակները` կոնսորցիումի ստեղծման միջոցով: Նախատեսվում է Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպման ընթացքում քննարկել աբխազական երկաթուղու վերաբացման հարցը:

Համայնքի անդամներին հուզող խնդիրներից էր հայկական կողմից ճանապարհային հարկի վերացման հարցը, որի լուծումը խորհրդարանի նախագահը ներկայացրեց միջպետական համաձայնագրի կնքման միջոցով, քանի որ Հայաստանի ճանապարհներով միայն վրացական փոխադրումներ չեն լինում:

Քանի որ կրթական բազմաթիվ խնդիրներ բարձրացվեցին, ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ, որ մեկ ամսվա ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը կայցելի Թբիլիսիի, Ախլցխայի եւ Ջավախքի հայկական դպրոցներ` տեղում ուսումնասիրելու դասագրքերով ապահովվածության, նյութատեխնիկական բազայի, ուսուցիչների վերապատրաստման հնարավորությունները: Քննարկվեցին նաեւ համայնքի կյանքին վերաբերող այլ հարցեր:  Համայնքի անդամները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին Ազգային ժողովի նախագահին` նրա հետ հանդիպումը գնահատելով իբրեւ կարեւորագույն իրադարձություն հայ-վրացական հարաբերություններում ու հատկապես համայնքի կյանքում, որը նման այցերի ու հանդիպումների արդյունքում արժեվորված ու գնահատված է զգում իրեն:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետ հանդիպումը նախատեսված էր ապրիլի 29-ին, բայց Վրաստանում ջրհեղեղների պատճառով պարոն Նողաիդելին մեկնել էր հեղեղված տարածքներ, ուստի Հանդիպումը կայացավ ապրիլի 30-ին: Քննարկված հարցերի շրջանակում Վրաստանի 150 հայկական դպրոցներին նյութատեխնիկական աջակցության հարցն էր, աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի ու Վրաստանի սահմանամերձ շրջանների չորս մարզպետների հանդիպման մասին` քննարկելու ռեգիոնալ համագործակցության հեռանկարները: Նշվեց, որ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ երկու երկրները կարող են համատեղ ծրագրեր մշակել «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: Պարոն Նողաիդելին եւս հավաստեց, որ Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները ուշադրության կենտրոնում են եւ հայ բնակչության համար մշակվում է վերականգնողական ծրագիր, որ ներառում է ներդրումների ու գյուղատնտեսական ծրագրերի իրականացում: