Տպել
29.04.2020
Քննարկվել են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
1 / 7

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 29-ին շարունակել է նախորդ օրն ընդհատված նիստի աշխատանքը:

ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական փաթեթը: Պատգամավորի խոսքով` Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, փոխհամաձայնեցված տարբերակ է այժմ բերվել: Արկադի Խաչատրյանը հիմնական փոփոխություններն է բարձրաձայնել. ընդլանվել է հաշտարարի գրասենյակ դիմողների ցանկը, ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ բողոք կարող են ներկայացնել նաեւ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնակատերերը, որոնք հանդիսանում են միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ: Անդրադարձ է կատարվել համակարգի կորպորատիվ կառավարմանը, նոր խորհրդի ձեւավորմանը: Հաշտարարի գործունեության առավել ճկուն մեխանիզմներ են ներդրվել:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ արդյունավետ համագործակցություն է եղել հեղինակների հետ եւ կոչ է արել հանձնաժողովին կողմ արտահայտվել նախաձեռնությանը:

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի գնահատմամբ` ընդլայնում է քաղաքացիների եւ ՓՄՁ-ների հնարավորությունը` լիարժեք օգտվելու Ֆինանսական հաշտարարի գրասենյակից:

Հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչը եւս կարեւորել է նախագծով առաջարկվող փոփոխությունները, նշել գրասենյակի գործունեությանն առնչվող մի շարք համակարգային խնդիրներ:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: