Տպել
22.09.2005
Ամրապնդվում են հայ-ամերիկյան առեւտրական կապերը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Ջեք Սքոթին եւ ՌԱԿ ԱՄՆ արեւմտյան շրջանային վարչության անդամներին:

Պարոն Սքոթը Հայաստանում է Կալիֆորնիա-Հայաստան առեւտրական գրասենյակի բացման նպատակով: 2001 թ. նրա ներկայացմամբ Կալիֆորնիայի Սենատը ընդունել է Հայաստանում առեւտրական գրասենյակ բացելու որոշումը: Սենատորը հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ` Կալիֆորնիայի Սենատը ճանաչել է հայոց ցեղասպանությունը նաեւ նրա աջակցությամբ: Հանդիպման ընթացքում սենատորը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն էլ կճանաչի 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Նրա գնահատմամբ` առեւտրական գրասենյակը կարող է նպաստել ոչ միայն երկկողմանիորեն շահավետ տնտեսական կապերի զարգացմանը, այլեւ` զբոսաշրջության:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գոհունակություն հայտնեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հետ առեւտրական գրասենյակի բացման առիթով եւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն իր աջակցությունը հայտնեց: Երկուստեք կարեւորվեց Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի եւ Ազգային ժողովի միջեւ ուղղակի կապերի հաստատումը: Նշվեց, որ պառլամենտական կապերի զարգացման անհրաժեշտության հարցը քննարկվել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր: