Տպել
13.10.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

Շնորհավորելով հանձնաժողովի նախագահին նշանակման կապակցությամբ` դեսպան Սվենսոնը հույս է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները կարեւոր ներդրում կդառնան հայ-շվեդական փոխգործակցության ընդլայնման գործում:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-շվեդական հարաբերությունների զարգացման կարեւորությունը:

Անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը եւ ընդլայնմանը: Քննարկել են միջկառավարական, միջխորհրդարանական շփումների ակտիվացմանն առնչվող հարցեր:

Պատգամավորները նշել են, որ օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում առանցքային է բարեկամական խմբերի գործունեությունը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԱԺ 8-րդ գումարման բարեկամական խմբերը գտնվում են ձեւավորման փուլում եւ շուտով կտրվի նաեւ աշխատանքների ընթացքը:

Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը գոհունակություն է հայտնել դեսպանին նախորդ գումարման ընթացքում համատեղ աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է հետագա համագործակցությունը՝ արդեն հանձնաժողովի կազմում տարվող աշխատանքների շրջանակներում: Հիշեցնենք, որ պատգամավորը ղեկավարել է խորհրդարանական հայ-շվեդական բարեկամական խումբը:

Զրուցակիցները հաջորդիվ քննարկել են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցեր:

Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել է կողմերի միջեւ գերիների փոխանակման հարցին: Նշել է, որ Ադրբեջանը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին՝ ոտնահարելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մի շարք միջազգային կառույցների եւ գործընկերների ջանքերը՝  ուղղված եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին:

Պատգամավորները նշել են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կարեւորությունը եւ այս տիրույթում Շվեդիայի կառավարության Հայաստանին ցուցաբերած ֆինանսական աջակցությունը: Կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը՝ ուղղված Ազգային ժողովի դերի բարձրացմանը եւ աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով հանդիպման եւ ջերմ ընդունելության համար, նշել է, որ Շվեդիան արժեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումներ ունենալ հնարավոր համագործակցության բովանդակության եւ փոխադարձ հետաքրքրությունների հստակեցման վերաբերյալ: