Տպել
06.02.2006
Կարեւորվեց ՍԴ դերը ժողովրդավարության կայացման գործում

Փետրվարի 6-ին նշվեցՀՀ Սահմանադրական դատարանի 10-ամյա հոբելյանը, որին մասնակցում  էին օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավաբաններ, դատավորներ եւ այլք :

Բացման խոսքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով ՍԴ անցած եւ անցնելիք ուղին, հավաստիացրեց, որ ՀՀ սահմանադրական զարգացումների եւ դատաիրավական բարեփոխումների նոր փուլ է մտել եւ որակապես նոր հնարավորություններ են ստեղծվում սահմանադրական արդարադատության ներուժի առավել արդյունավետ գործադրման, երկրում սահմանադրական ժողովրդավարության հաստատման համար: Պարոն Հարությունյանի կարծիքով` ՍԴ խնդիրն է հասնել նրան, որ սահմանադրական արդարադատությունը կայունություն հաղորդի երկրի իրավական համակարգին, հասանելի լինի մարդկանց, նրանց մեջ հույս, վստահություն եւ իրավակարգի նկատմամբ հարգանք ներշնչի:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց ՍԴ-ին` կազմավորման 10-ամյակի կապակցությամբ` վստահեցնելով, որ ՀՀ Սահմանադրական դատարանը պետական իշխանության կայացած ինստիտուտներից է, որը հեղինակություն է վայելում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ՍԴ-ի միջազգային հեղինակության առհավատչյան կազմակերպված 10 միջազգային գիտաժողովներն են, որոնց մասնակցելեն նաեւ ԱԺ պատգամավորներ: Ըստ ԱԺ նախագահի` ժողովրդավարության ձգտող երկրների համար ՍԴ` որպես համակարգող, բավականին կարեւոր դեր ունի: Արթուր Բաղդասարյանը ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո ՍԴ թեւակոխում է գործունեության նոր փուլ: ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանում ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը, որը զբաղվելու է ահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունների մշակմամբ. այդ փոփոխությունները բխում են նոյեմբերի 27-ին ընդունված Սահմանադրության պահանջներից:

ԱԺ նախագահի կարգադրության համաձայն` Սահմանադրական արդարադատ ության կայացման գործում մեծ ներդրումների համար ԱԺ-ի պատվո մեդալով պարգեւատրվեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, խորհրդարանի նախագահի շնորհակալագրով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին ՍԴ ութ աշխատակիցներ, իսկ պատվոգրերով` ՍԴ աշխատակազմը:

Սահմանադրական դատարանի 10-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը բարձրաձայնեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, իրավաբանների միության կողմից Գագիկ Ղազինյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ոստիկանության պետի տեղակալ  Արարատ Մահտեսյանը: