Տպել
07.02.2006
ՀՀ ԱԺ նախագահի նամակը ԵԽԽՎ նախագահին եւ գլխավոր քարտուղարին` Հին Ջուղայի հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացման առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենին եւ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար  Թերի Դեւիսին, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատան բարբարոսաբար ոչնչացման փաստի առիթով. «2002 եւ 2005 թվականներին Հին Ջուղայում կատարված անհանդուրժելի գործողությունները ոտնահարում են մարդկային արժանապատվությունը, ինչպես նաեւ հակասում են Եվրոպայի Խորհրդի գլխավոր նպատակներից մեկին` ԵԽ անդամ-պետությունների մշակութային ժառանգության պահպանմանը: Դեռեւս 7-րդ դարի թվագրության Ջուղայի գերեզմանատան խաչքարերը կազմում են  ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական ժառանգության մաս:

Չնայած հայկական միջնադարյան խաչքարերի ոչնչացումը շարունակվում է, միջազգային կազմակերպությունների կողմից դեռեւս չեն իրականացվել կոնկրետ միջոցառումներ եւ փաստահավաք առաքելություններ` ավերածությունների փաստերն արձանագրելու եւ պատմական ու մշակութային արժեքների հետագա ոչնչացումը կանխելու համար:

Մտահոգություն հայտնելով բարբարոսական այս գործողությունների նկատմամբ միջազգային հանրության անտարբերության կապակցությամբ, հորդորում եմ Եվրոպայի Խորհրդի կառույցներին` վերահաստատել իրենց դիրքորոշումը եւ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին` վերջ դնել այդ բարբարոսական գործողություններին եւ քայլեր ձեռնարկել իրավիճակի շտկման ուղղությամբ»: