Տպել
17.02.2006
«Մենք դժվար, բայց ճիշտ ճանապարհի վրա ենք»

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժողովրդավարական բարեփոխումներին, էներգետիկ անվտանգությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրներ: Տիկին Ֆեռերո-Վալդները գոհունակությամբ նշեց, որ տարածաշրջանի երկրները տնտեսական զարգացման առաջաքայլ են արել եւ հակամարտություններից ձերբազատումը հնարավորություն կտար արագացնել զարգացումը: Նա կարեւորեց եվրոպական նոր հարեւանության ծրագրի կենսագործումը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանի երկրների համար:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հյուրի խնդրանքով իրազեկեց սահմանադրական բարեփոխումներից հետո Աժ-ում կատարվելիք օրենսդրական աշխատանքի մասին, կարեւորվեցին դատաիրավական, ընտրական,տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերի բարեփոխումները: Ժողովրդավարության խորացումը շեշտվեց իբրեւ քաղաքական առաջնահերթություն համապետական ընտրություններից առաջ: Անդրադառնալով հարեւանների հետ հարաբերություններին` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումները կնպաստեն նաեւ միջպետական հարաբերությունների բարելավմանը, նա կարեւորեց ԵՄ ջանքերը Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական գործընթացներին աջակցության առումով:

Փոխադարձաբար կարեւորվեցին աշխարհում էներգետիկ անվտանգության խնդիրները եւ այլընտրանքային ուղիների որոնման անհրաժեշտությունը: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շեշտեց ԵՄ տրանսպորտային ծրագրերի իրականացման կարեւությունը` ՏՐԱՍԵԿԱ-ի շրջանակներում, նաեւ` այլընտրանքային էներգետիկ ծրագրերի կենսագործումը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեցՀայաստանի խորհրդարանում Եվրամիության նոր հարեւանության ծրագրի շուրջ ԵՄ-ի հետ համատեղ կոնֆերանսկազմակերպելու մասին` ԵՄ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ, որի ընթացքում կորոշարկվեն Հայաստան-ԵՄ համագործակցության ձեւերն ու անելիքները: