Տպել
20.02.2006
Նպատակ ունենալով Եվրամիության անդամակցության հեռանկարը

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ,  դեսպան Հեյկի Տալվիտիեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Թորբեն Հոլթցեն, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Փայչը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հյուրի խնդրանքով տեղեկություններ հաղորդեց սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովի կատարելիք օրենսդրական աշխատանքների մասին. ժողովրդավարության խորացման առումով կարեւորվեց դատաիրավական, Ընտրական օրենսգրքի, տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործումը: Խորհրդարանի նախագահը, կարեւորելով նոր հարեւանության ԵՄ ծրագիրը իբրեւ տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական զարգացման խթան, նշեց, որ ճիշտ կլիներ կիրառել տարբերակված մոտեցում եւ հավասարության նշան չդնել տարածաշրջանի երկրների միջեւ, թեեւ, բնականաբար, Հարավային Կովկասը քաղաքական եւ տնտեսական միասնական շուկա դիտարկելն ավելի դյուրին է: Համաձայնելով այս տեսակետին` պարոն Տալվիտիեն նշեց եվրոպական չափանիշների ընդունման տարբերակվածությունը երեք պետություններում եւ կարեւորեց ժողովրդավարության զարգացումը ամբողջ տարածաշրջանում, որը հնարավորություն կտա ձերբազատվել  հակամարտություններից, համատեղ տնտեսական միջազգային ծրագրեր իրականացնել: Տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին դրական գնահատական տալով` պարոն Տալվիտիեն կարեւորեց, որ դա լինի քաղաքական առաջնահերթություն եւ նշեց խորհրդարանների կարեւոր դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելը մնում է օրախնդիր եւ կողմերը պետք է փոխզիջումների ճանապարհով հասնեն հարցի լուծմանը:

Ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ տարածաշրջանի էնեգետիկ եւ տրանսպորտային խնդիրներին միասնական լուծումներ գտնելու հնարավորությունները` այլընտրանքային տարբերակների առկայությամբ եւ համաեվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման շրջանակներում: