Տպել
03.03.2006
Պարաօլիմպիկ խաղերի Հայաստանի հավաքականը մեկնում է Թուրին

Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պարաօլիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներին`  Մհեր Ավանեսյանին, Գրետա Խնձրցյանին, Գարուշ Դանիելյանին եւ հայկական պարաօլիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:

Հակոբ Աբրահամյանը ԱԺ նախագահին ներկայացնելով Թուրինի հաշմանդամ մարզիկների ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի անդամներին`պատմեց նաեւ հաշմանդամ մարզիկների խնդիրների մասին, որոնց լուծումների համար պայմանավորվածություն ձեռքբերվեց Թուրինից վերադառնալուց հետո կազմակերպել հաշմանդամային սպորտին նվիրված խորհրդարանական լսումներ` համակողմանիորեն քննարկելու բոլոր խնդիրները` սկսած ճյուղային պատկանելությունից մինչեւ ֆինանսական ապահովում ու մարզային կտրվածքով մարզադահլիճների համապատասխանեցում:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեք հայ մարզիկներին հաջողություններ մաղթեց ձմեռային օլիմպիական խաղերում, որոնց 110 երկրի մասնակցություն է սպասվում եւ իր աջակցությունը հայտնեց բոլոր խնդիրների լուծման համար: