Տպել
11.10.2007
Ավստրիայի դեսպանն Ազգային ժողովում

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Մարիուս Կալիգարիսին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: Աժ նախագահի գնահատմամբ` միջազգային կառույցների շրջանակներում լավ հարաբերություններին պետք է հավելել երկկողմանի քաղաքական ու տնտեսական կապերի խորացումը, եւ, հատկապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Նշելով, որ անցած տարիներին այցերը եղել են հիմնականում հայկական կողմից` ԱԺ  նախագահը օգտակար համարեց ավստրիացի գործընկերների այցը Ազգային ժողով եւ պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Ավստրիայի խորհրդարանի նախագահին: Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործնական առումով կարեւորվեց եվրաինտեգրման Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունը, որը երկու խորհրդարաններին օրենսդրության ներդաշնակեցման տեսակետից օգտակար կարող է լինել:

Հայաստանում Ավստրիայի դեսպան Մարիուս Կալիգարիսը պատիվ համարեց Հայաստանում իր նշանակումը եւ վստահեցրեց, որ առավելագույնս կնպաստի ավստրիահայկական հարաբերությունների զարգացմանը: Նա շնորհակալություն հայտնեց Աժ նախագահին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելիս Ավստրիային Հայաստանի աջակցության համար: Պարոն Կալիգարիսը, անդրադառնալով 2007-ի մայիսին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ Ավստրիան բարձր է գնահատում Հայաստանում անցկացված ընտրությունների որակը եւ շնորհավորեց Աժ նախագահին ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացման ու իր պաշտոնում վերընտրության համար: Դեսպանը համաձայնեց, որ համագործակցության խորացման մեծ ներուժ կա, եւ` առանձնապես միջխորհրդարանական հարաբերությունների առումով: Նա տեղեկացրեց, որ Ավստրիայի նորընտիր խորհրդարանում առաջին անգամ ստեղծվել է Հարավային Կովկասի երկրների հետ պատգամավորական բարեկամության խումբ,  որը վկայում է իր երկրի մեծ հետաքրքրությունը տարածաշրջանով: Խումբը միատեղում է երեք խմբերի` երեք հանրապետությունների խորհրդարանների հետ պատգամավորական համագործակցության համար: Հայաստան գալուց առաջ դեսպանը հանդիպել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին, որը եւս բարեկամության խմբի անդամ է, եւ հաղորդեց, որ նախապատրաստվում է խմբի այցը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը խորհրդարանական ընտրությունների հաջողությունը դիտարկեց եվրաինտեգրման գործընթացի կարեւոր ձեռքբերում: Նա իրազեկեց, որ առաջիկայում Ազգային ժողովում եւս կստեղծվի Ավստրիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման տեսակետից` ԱԺ նախագահը կարեւոր համարեց Հայաստանում դեսպանատան առկայությունը` նշելով, որ մշտապես երկրում գտնվելը դեսպանին հնարավորություն կտա առավել լավ պատկերացում ունենալ ու արդունավետ աշխատել:

Ավստրիայի դեսպանի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը` նշելով, որ դա առաջին հերթին պետք է Թուրքիային` ձերբազատվելու համար ոճրագործի դարավոր խարանից: Նրանք, ովքեր տարբեր քաղաքական նպատակներով տուրք են տալիս թուրքական ճնշումներին, փաստորեն խրախուսում են այսօրվա Թուրքիայի իշխանություններին` չճանաչել ու խեղաթյուրել ակնհայտ փաստերը, առաջին հերթին վնասում են հենց Թուրքիային ու թուրք ժողովրդին:  Ավելին, դրանով խրախուսվում են նաեւ այն պետությունները, որոնցում այսօր էլ տեղի են ունենում մարդկության դեմ ուղղված ոճիրները: Հայտարարությունները, որ մենք չենք ժխտում այդ իրադարձության փաստը, բայց դրա վերաբերյալ բանաձեւի ընդունումը դեմ է մեր երկրի շահերին, ամենակոպիտ ոտնահարումն են թե մարդու իրավունքների, թե համամարդկային արժեքների եւ թե տարրական բարոյականության: Աժ նախագահի գնահատմամբ` այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի խնդիր է, այլ այդ պետության բարոյական նկարագրի, եւ ԱՄՆ-ի կոնգրեսականները հենց այդ նկատառումով էլ քվեարկել են: Որպես անկախ պետություն` Հայաստանի Հանրապետությունն ունի իր շահերը հետապնդելու քաղաքական հնարավորություններ եւ երբեք ցեղասպանության խնդիրը չի դարձրել քաղաքական առեւտրի առարկա: Պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` անընդունելի համարելով քաղաքական ու տնտեսական օրընթաց շահերին միջազգայնորեն ընդունված սկզբունքների ստորադասումը, եւ նշեց, որ Եվրամիության անդամակցության ցանկություն ունեցող որեւէ երկիր չի կարող հարեւանի հետ փակ սահման ունենալ: Կարեւորելով միջազգային հանրության հստակ ու սկզբունքային դիրքորոշումը` Աժ նախագահը նշեց, որ կատարված փաստերն ընդունելու դիրքորոշումը ի վերջո Թուրքիային էլ կհամոզի վերաբերմունքը փոխել` ազատվելով բարդույթավորվածությունից եւ հրաժարվել շանտաժի միջոցով այս կամ այն երկրից այս կամ այն քաղաքական դիրքորոշումը կորզելու արատավոր գործելաոճից: