National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
13.06.2017
«Ժամանակն է նոր լիցք հաղորդել վիզաների ազատականացման գործընթացին». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները եղել եւ մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղություններից մեկը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հավաստիացրել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ավանդական գործընկերային հարաբերությունները ոչ միայն կշարունակվեն, այլ նաեւ կներառեն համագործակցության առավել ընդգրկուն ոլորտներ:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Բրյուսելի գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը նոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ոլորտային առավել խոր զարգացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել եւ մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համատեքստում ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ: Այս առումով զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հնարավոր ուղիներին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ «ավելին ավելիի դիմաց» ՀՀ-ԵՄ քաղաքականության սկզբունքին, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ այս համատեքստում Հայաստանը Եվրոպական միությունից ակնկալում է առավել ընդգծված քաղաքական աջակցություն՝ նաեւ արտաքին քաղաքական հարթությունում:

Հանձնաժողովի նախագահն իր խոսքում հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո հաջորդ բանակցային գործընթացն ուղղված կլինի վիզաների ազատականացման գործընթացին:

Հանդիպման ընթացքում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող եւ ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի առեւանգման կապակցությամբ: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի՝ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քաղաքականությունն արդեն իր պետության տարածքից դուրս, սպառնալիք է դառնում ողջ տարածաշրջանի համար: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ողջունել է Եվրոպական միության եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տեսակետը եւ հույս հայտնել, որ եվրոպական կառույցները հետամուտ կլինեն հարցի թափանցիկ եւ անաչառ հետաքննմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակման փաստին, ինչը ենթադրում է Եվրոպական միության առավել մեծ պատասխանատվություն մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում տարվող աշխատանքներում:

Հանդիպման ավարտին կողմերն առավել գործուն եւ արդյունավետ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am