Տպել
29.12.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 29-ի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Կարինե Աճեմյանի եւ Մարգարիտ Եսայանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշել է, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ եւ փոփոխություններ չեն եղել:

Առաջին ընթերցումով քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաեւ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Օրենքների նախագծերի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման բնագավառում կբարձրացվի պետական քաղաքականության իրականացման արդյունավետությունը, կհստակեցվեն երթեւեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:

Քննարկված նախագծերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: