National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
27.02.2018
Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 6

Փետրվարի 27-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ մերժել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Ազգային ժողովը քաղաքական կամք պետք է արտահայտի եւ արձանագրի, որ մարտի մեկի էջը ամենեւին էլ փակված չէ եւ չի փակվելու այնքան ժամանակ, քանի դեռ արձանագրված դեպքերը լիովին չեն բացահայտվել:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Խմբակցության ղեկավարի կարծիքով` եթե ցանկություն կա, որ հաղթահարվի մարտի մեկի բեռը, ապա նախագիծը պետք է ներառվի ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը տեղեկացրել է, որ նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացության չի արժանացել:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկել է խնդիրն ամբողջովին քննարկելու համար ՀՀ ԱԺ հայտարարության նախագծին կողմ քվեարկել: Քվեարկության արդյունքում նախագիծն ընդգրկվել է ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում:

ՀՀ ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների ընտրության հարցը :

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի տասն անդամներից հինգին պետք է ընտրի ՀՀ Ազգային ժողովը:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների պաշտոնների համար առաջադրել են Գագիկ Հարությունյանի (պաշտոնավարման հնգամյա ժամկետ), Գեւորգ Դանիելյանի (պաշտոնավարման հնգամյա ժամկետ), Լիպարիտ Մելիքջանյանի (պաշտոնավարման հնգամյա ժամկետ), Հայկ Հովհաննիսյանի (պաշտոնավարման եռամյա ժամկետ) եւ Սերգեյ Մեղրյանի (պաշտոնավարման եռամյա ժամկետ) թեկնածությունները:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով թեկնածուներին, անդրադարձել է նրանց անցած ուղուն եւ մասնագիտական գործունեությանը:

Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնի թեկնածու Գագիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում դատական համակարգի առկա բացերին, ինչը, ըստ նրա, իշխանության այս ճյուղի նկատմամբ հանրային վստահության պակասի հիմնական պատճառն է: Նրա խոսքով` սահմանադրական արդարադատության բնագավառում Հայաստանն արձանագրել է լուրջ առաջընթաց եւ ձեռք է բերել միջազգային հեղինակություն, այդուհանդերձ, այս ոլորտում վերանայումների անհրաժեշտություն կա: Թեկնածուն նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն օժտված է լայն լիազորություններով եւ դրանց արդյունավետ իրականացումն անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դատական իշխանության նկատմամբ վստահությունն էապես բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը հաղթահարելու, մեր երկրի կայուն զարգացմանը նպաստելու գործում: Նա վստահեցրել է, որ ընտրվելու դեպքում կանի հնարավորը անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն կայացնելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ պաշտոնի թեկնածու Գեւորգ Դանիելյանը կարեւորել է դատական համակարգի բնականոն գործունեությունն ու անկախությունը, ինչին, ըստ նրա, կաջակցի Բարձրագույն դատական խորհուրդը: Թեկնածուն անդրադարձել է նաեւ օրենսդրությանն ու դատավորների մասնագիտական որակներին: Նրա կարծիքով` Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունները բավարար են արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:

Երրորդ պաշտոնի թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը երախտագիտություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա կարեւորել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության անկախությունը, խորհրդի անդամների չեզոք եւ անաչառ լինելը: Բանախոսը կարծիք է հայտնել, որ դատական համակարգը կայացած է մեր երկրում, պարզապես համակարգում առկա արատավոր երեւույթները վերացնելու համար նոր քայլեր են անհրաժեշտ: Լիպարիտ Մելիքջանյանի համոզմամբ՝ թեկնածուների առաջադրված կազմն ի զորու է արդարադատության համակարգում արմատական բարեփոխումներ կատարելու:

Չորրորդ պաշտոնի թեկնածու Հայկ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ կանի հնարավորը Հայաստանում արդարադատության իրականացման որակը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնու համար, որպեսզի կայացած ու անկախ դատական իշխանության եւ համակարգի հանդեպ թե՛ երկրի ներսում, թե՛ սահմաններից դուրս ձեւավորվի համընդհանուր վստահության մթնոլորտ:

Հինգերորդ պաշտոնի թեկնածու Սերգեյ Մեղրյանը կարեւորել է դատավորի անաչառության երաշխիքները կենսագործելու հարցում հետեւողական աշխատանքը, քայլերը դատական համակարգում առկա տարաբնույթ կոռուպցիոն դրսեւորումները կանխարգելելու եւ արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությամբ կարող է բեկում մտցնել դատարանների ու դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման մեջ: Թեկնածուն կարեւորել է նաեւ խորհրդի կազմակերպչական գործառույթները՝ ուղղված դատարանների բնականոն գործունեության ապահովմանը:

Հարցուպատասխանի ընթացքում թեկնածուները մասնավորապես ներկայացրել են խորհրդի առաքելությունը, խորհրդի կազմում իրենց մասնակցության տեսլականը, դատավորների եւ դատարանների անկախության երաշխիքների իրականացման ու ապահովման գործընթացում իրականացվելիք քայլերը:

Թեկնածուների, ինչպես նաեւ ՀՀ դատական համակարգի խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորները

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ունենք բազմաթիվ լավ իրավաբաններ, սակայն դատական համակարգը չկայացած եւ չընդունված է, ինչի պատճառը մեր երկրում դատական համակարգի անկախ չլինելն է: Արդար դատական համակարգ ունենալու համար անկախություն է պետք, վստահ է պատգամավորը:  Աղվան Վարդանյանը նույնպես խոսել է դատական համակարգի խնդիրներից՝ նշելով, որ Հայաստանում իրականացված սահմանադրական փոփոխությունները նաեւ միտված են դատական համակարգի արմատական բարեփոխմանն ու անկախացմանը: Բանախոսը դրական է գնահատել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունները: Կորյուն Նահապետյանը եւս դրական է արտահայտվել թեկնածուների վերաբերյալ՝ նշելով, որ նոր ձեւավորվող այս կարեւորագույն մարմինն առաքելություն ունի. սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանդես գալ որպես դատավորների եւ դատարանների անկախության ինստիտուցոնալ երաշխավոր: Նա վստահություն է հայտնել, որ առաջադրված են արժանի թեկնածուներ, ովքեր ընտրվելու դեպքում ի զորու են իրականացնելու իրենց առջեւ դրված պարտավորությունները: Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներին բացառիկ հնարավորություն է տրված՝ բարեփոխելու դատական համակարգը: Նա մասնավորապես դրական է գնահատել Գագիկ Հարությունյանի թեկնածությունը: Գեւորգ Կոստանյանը վստահություն է հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի ձեւավորմամբ այսօր սկիզբ է դրվում դատական համակարգի բարեփոխումները կյանքի կոչելուն: Պատգամավորը դրական է գնահատել թեկնածուների մարդկային եւ մասնագիտական որակները, եւ համոզմունք հայտնել, որ սպասելիքները շատ են: Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, դատավորների ծանրաբեռնվածության հարցին: Նա բարձր է գնահատել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածությունները, եւ նկատել, որ վերջին 25 տարիների ընթացքում դատաիրավական բարեփոխումներ մեր երկրում իրականացվել են, սակայն այս հարցում նշանակալի կարող է լինել Բարձրագույն դատական խորհրդի առկայությունը: Գեւորգ Պետրոսյանը խոսել է դատական համակարգի խնդիրներից՝ նշելով, որ մեր երկրում դեռեւս չկա անկախ դատական համակարգ: Նրա գնահատմամբ՝ թեկնածուներն ի զորու են իրականացնելու իրենց առջեւ դրված գործառույթները եւ նպաստելու անկախ դատական համակարգի կայացմանը: Խոսրով Հարությունյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին, անհրաժեշտ համարել դրա բարեփոխումը՝ այդ հարցում նշանակալի համարելով Բարձրագույն դատական խորհրդի անդամների դերակատարությունը: Նա գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել թեկնածություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է ներքաղաքական իրավիճակից, ներկայացրել դատական համակարգի խնդրահարույց կողմերն ու թերությունները: Պատգամավորն անդրադարձել է թեկնածու Գեւորգ Դանիելյանի՝ որպես ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակաշրջանին, բարձրացրել արդարադատությանն առնչվող հարցեր:  

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդից իր ակնկալիքները, անդրադարձել դատական համակարգի խնդիրներին: Նա համեմատական է անցկացրել ՀՀ արդարադատության խորհրդի եւ նրան փոխարինելու եկած Բարձրագույն դատական խորհրդի միջեւ, անդրադարձել վերջինիս գործառույթներին: ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է կառույցի առաքելությանը եւ ընդգծել, որ Արդարադատության խորհուրդը չէր կարող իրականացնել իր առջեւ դրված խնդիրը եւ ապահովել դատական համակարգի անկախությունը, քանի որ դատավորները մեծամասնություն էին կազմում դրանում: Նա նույնպես խոսել է առաջադրված թեկնածուների մարդկային եւ մասնագիտական բարձր որակների մասին, դրվագներ ներկայացրել նրանց աշխատանքային ուղուց, շեշտել նրանց քաղաքական չեզոքությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խոսել է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության պակասից, եւ հույս հայտնել, որ Բարձրագույն դատական խորհուրդն ի զորու կլինի վերականգնել հանրության վստահությունը: ԱԺ փոխնախագահը մասնավորապես բարձր է գնահատել Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, խոսել նրա մասնագիտական պատրաստվածության մասին: Միքայել Մելքումյանը դրական է արտահայտվել նաեւ Գեւորգ Դանիելյանի թեկնածության վերաբերյալ, կարեւորել անհատների դերակատարությունը համակարգի խնդիրների լուծման հարցերում:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կարեւորել է քննարկվող հարցը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը: «Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ամբողջացնում է դատական բարեփոխումներն ու համակարգը»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը՝ պատմական գնահատելով ընթացող նիստը: Էդուարդ Շարմազանովը եւս բարձր է գնահատել Գագիկ Հարությունյանի թեկնածությունը՝ առանձնացնելով նրան որպես պետական մտածողության կրող, բարձր մասնագիտական որակների տեր անձնավորություն: Գնահատանքի ջերմ խոսքեր են հնչել նաեւ մյուս թեկնածուների վերաբերյալ:

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության դրական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա կարեւորել է արդարադատության համակարգում արդարության առկայությունն ու հավասարությունը բոլորի համար: «Մարդը պետք է պաշտպանված լինի իր երկրում, պետք է երաշխավորված լինի մարդու համար արդարադատությունը»,-ընդգծել է բանախոսը: Այս հարցում առաջին քայլերը պետք է անի Բարձրագույն դատական խորհուրդը, ասել է Արմեն Ռուստամյանը:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանը: Նա անդրադարձել է թեկնածուների մարդկային եւ մասնագիտական որակներին՝ նշելով նրանց սկզբունքայնությունը, օբյեկտիվությունը, անաչառությունն ու արհեստավարժությունը: Գագիկ Հարությունյանի թեկնածությանն անդրադառնալով՝ Գեւորգ Կոստանյանը մասնավորապես խոսել է ՀՀ Սահմանադրական դատարանի գործունեությունից ու անխոցելի համարել նրա կայացրած որոշումներ՝ իրավական տեսանկյունից:

Եզրափակիչ ելույթներում թեկնածուները շնորհակալություն են հայտնել ցուցաբերված վստահության համար, ներկայացրել անելիքներն ու ծրագրերը, անդրադարձել պատգամավորների դիտողություններին:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների պաշտոններում ընտրվելու համար քվեարկությունը կանցկացվի փետրվարի 28-ին՝ ժամը 10-30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրվել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, աշխատանքային ուղին, բարձր գնահատել նրա սկզբունքայնությունը, շեշտել արհեստավարժությունը, օբյեկտիվությունն ու փորձառությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը:

Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ իր թեկնածությունն այդ պատասխանատու եւ բարձր պաշտոնում առաջադրելու համար՝ նշելով, որ իր աշխատանքային կենսագրության մեջ մեծ տեղ է զբաղեցրել օրենսդրական աշխատանքը: Թեկնածուն կարեւորել է մարդու իրավունքների պաշտպանությունը, անդրադարձել ՄԻԵԴ-ում իր գործունեությանը՝ որպես ՀՀ շահերի պաշտպան: Այս համատեքստում նա անդրադարձել է օրենսդրական ոլորտի աշխատանքին եւ ընդգծել, որ ընտրվելու պարագայում հատկապես ուշադրություն է դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրա ամրապնդմանը:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը

Նա ընդգծել է, որ խորհրդարանական կառավարման համակարգում հանձնաժողովն ունի հատուկ առաքելություն, եւ վերջինիս նախագահը պետք է լինի սկզբունքային, համարձակ, արհեստավարժ եւ պետականամետ գործիչ, ունենա թիմային մտածողություն: ՀՀ ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ առաջադրված թեկնածուն այդ հատկանիշներով օժտված անձնավորություն է: Խոսելով Գեւորգ Կոստանյանի՝ որպես գլխավոր դատախազ պաշտոնավարելու ժամանակաշրջանի մասին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նրա նշանակվելուց հետո ոլորտում նվազեցին կոռուպցիոն ռիսկերը:

Իր տեսակետն է հայտնել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը

Նա համոզմունք է հայտնել, որ Գեւորգ Կոստանյանն իրապես համապատասխանում է այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են այս առանցքային հանձնաժողովի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար: Անդրադառնալով թեկնածուի մարդկային որակներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նրա սկզբունքայնությունը եւ հետեւողականությունը: Արփինե Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս հանձնաժողովում համագործակցության երկու ձեւաչափերի անհրաժեշտություն կա՝ կառավարության հետ փոխգործակցության հարցում օրենսդրի տեսակետն առաջ քաշելու եւ իրականություն դարձնելու ու հանձնաժողովի անդամների միջեւ պատշաճ համագործակցության ապահովումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներն առաջարկել են գործընկերներին կողմ քվեարկել առաջադրված թեկնածությանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուստամ Մախմուդյանը, Հրայր Թովմասյանը, Կարեն Բեքարյանը, Սամվել Նիկոյանը, Խոսրով Հարությունյանը բարձր են գնահատել թեկնածուի մարդկային եւ մասնագիտական որակները, գիտական գործունեությունը՝ ընդգծելով, որ առաջադրված թեկնածուն պետականամետ, արհեստավարժ, սկզբունքային գործիչ է եւ որակյալ գիտնական: Պատգամավորներն ընտրվելու դեպքում հաջողություն են մաղթել Գեւորգ Կոստանյանին եւ կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել թեկնածությանը:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն է հայտնել հնչած գնահատականների եւ վստահության համար:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կանցկացվի փետրվարի 28-ին՝ ժամը 13:00-ից մինչեւ 14:00, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից նախասրահում:

Նշենք, որ օրվա ընթացքում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Ազգային ժողովը նիստի աշխատանքը կշարունակի փետրվարի 28-ին:


27.02.2018
Պարգեւներ ՀՀ Ազգային ժողովի հրաձիգների թիմին
Փետրվարի 27-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել պետական մարմինների աշխատակիցների միջեւ հրաձգության հանրապետական մրցույթի 2018 թվականի հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 22-23-ն անցկացված մրցաշարին մասնակցել են ՀՀ Նախագա...

27.02.2018
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծե...

27.02.2018
Բաց դաս Ազգային ժողովում
«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հանդիպել է Երեւանի թիվ 134 հիմնական դպրոցի տնօրենի, ուսուցիչների եւ աշակերտների հետ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Ռուզաննա Մուրադյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, ծանոթացրել օրենսդրական գործունեությ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am