National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
05.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությանյանի նախագահությամբ մարտի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նշվել է, որ օրենսդրական փաթեթը կյանքի կոչվելով՝ ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դառնալու է ինքնավար պետական մարմին, որի անդամներին նշանակելու է խորհրդարանը՝ գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ինքնավար պետական մարմնին վերապահվել է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն:

Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մշակելիս հաշվի են առնվել ԵԱՏՄ-ի ու Եվրամիության տնտեսական մրցակցության պաշտպանության պահանջներն ու սկզբունքները:

Օրենդրական փաթեթում հստակեցվել են մի շարք՝ մասնավորապես «գերիշխող դիրք», «չհիմնավորված բարձր կամ ցածր գին» հասկացությունները:

Սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում՝ կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար: Ամրագրվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր ու չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձանց պատասխանատվությունից ազատման եւ տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:

Նախագծերով սահմանվում են նաեւ Հանձնաժողովի անդամների կրթությանը եւ աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաեւ հայերենին տիրապետելու պահանջ: Հստակեցվել են նաեւ Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման եւ վաղաժամկետ դադարեցման հիմքերը, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տալու կարգը, որը համապատասխանեցվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին:

Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ էականորեն կմեծանա տնտեսական մրցակցության օրենսդրության պաշտպանության նկատմամբ վերահսկողության, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման ոլորտներում Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաեւ օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 122-րդ հոդվածին:

Հանձնաժողովականների հարցադրումներն առնչվել են շահույթների, ծախսերի հաշվարկման մեխանիզմների կատարելագործմանը, հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման գործընթացին եւ այլ խնդիրների:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը տվել է սպառիչ պարզաբանումներ:

Հանձնաժողովականները նաեւ ներկայացրել են մի շարք առաջարկներ: Արտակ Շաբոյանը նշել է, որ դրանք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենքների նախագծերի:

«Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ հիմնական զեկուցողի` հստակեցվում եւ կարգավորվում են հանրաքվեի ինստիտուտի հետ կապված հարաբերությունները: Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նպատակն է ունենալ Սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին համահունչ օրենք՝ ստեղծելով հուսալի երաշխիքներ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության եւ դերակատարության համար, ինչպես նաեւ նպաստել հանրաքվեի ինստիտուտի դերի եւ նշանակության բարձրացմանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով` ներկայացված նախագծում ներառված է նաեւ հատուկ կացության կարգավիճակ տրամադրելու` ՀՀ նախագահի լիազորությունը ՀՀ վարչապետին վերապահելու հարցը, որը համաձայնեցվել է համապատասխան պետական մարմինների հետ: Առարկություններ չեն ներկայացվել:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Օրենքի նախագծով սահմանվել է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր բնութագիրը եւ դրանց կազմավորման կարգը, նախատեսվել է կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա մարմինների շրջանակը, ամրագրվել պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի նշանակման ընդհանուր կարգ, սահմանվել են պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությանը ներկայացվող նվազագույն պահանջներ:

Հանձնաժողովը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հստակեցվել է համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող մարմինների շրջանակը, սահմանվել են ՀՀ պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները:

Բանախոսը նշել է, որ oրենքից հանվել են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը: Փաթեթի վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ իրավաբանական վարչությունն ու ՀՀ ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Հիմնական զեկուցող Վաչե Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները կքննարկվեն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ներման մասին» ՀՀ օրենքի նախագծը` կից փաթեթով, «Հանրային խորհրդի մասին» ու «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Հանձնաժողովն առաջարկել է օրենքների նախագծերն ընդգրկել առաջիկայում հրավիրվող արտահերթ նիստի օրակարգում:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին` կից օրենսդրական փաթեթով, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:


05.03.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...

05.03.2018
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ: ...

05.03.2018
Մարտի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մարտի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով (փոփ. 01.03.2018, ՆՈ-06-Ն): ...

05.03.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 05.03.2018, ժամը 11:00, 314 սենյակ,ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ 05.03.2018, ժամը 14:00, 214 սենյակ, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS