Տպել
13.03.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 13-ին կայացած հերթական նիստում քննարկել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Ըստ հիմնական զեկուցողի` օրինագծերի ընդունումը կնպաստի խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնացմանը եւ հասանելիությանը: Խոշոր կազմակերպությունները պարտավոր են քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Առաջարկվում է նաեւ խստացնել սահմանված պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար:

Գագիկ Մինասյանը նշել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տատյանա Միքայելյանը եւ ՀՀ կառավարությունը ներկայացրել են առաջարկներ, եղել են աշխատանքային քննարկումներ, ինչի արդյունքում օրենքի նախագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը, դրական եզրակացություն տալով օրենքի նախագծին, առաջարկել է այն ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Գեւորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի հեղինակած «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է հիմնական զեկուցողի բացակայության պատճառով: