Տպել
19.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցեւին եւ ԱՀԿ ներկայացուցիչներ Ֆենթոն Հաուելին, Ակակի Զոյիձեին եւ Օքսանա Դոմենտիին, ովքեր Հայաստան են այցելել «Ծխախոտի դեմ պայքարի մասին» ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի դրույթների իրագործմանը նպաստելու: ԱՀԿ-ի առաքելության նպատակն է պաշտպանել եւ նպաստել ծխախոտի վերահսկման մասին նոր օրենքի ընդունմանը եւ շրջանակային կոնվենցիայի իրականացմանը Հայաստանում:

Իռլանդիայի, Վրաստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչները ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել են իրենց երկրներում ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ ծավալված աշխատանքները, ձեռք բերված փորձը եւ նկատելի արդյունքները:

Իռլանդիայի ներկայացուցիչ Ֆենթոն Հաուելը նշել է, որ  իր երկիրն այն եզակիներից է, որն ընդհանրապես արգելել է ծխելը, թեեւ շատ են եղել հակառակորդներն ու հակափաստարկները. այսօր երկիրը մեծ հաջողությունների է հասել հանրային առողջության բնագավառում: Ծխախոտի դեմ պայքարի օրենքն  Իռլանդիայում կիրառվում է իննսունհինգ տոկոս արդյունավետությամբ: Ֆենթոն Հաուելի խոսքով՝ ծխելն արգելելու շնորհիվ իր երկրում տարեկան չորս հարյուր մարդու կյանք է փրկվում:

Մոլդովայի ներկայացուցիչ Օքսանա Դոմենտին նշել է, որ իր երկիրն աշխարհի 180 երկրների հետ միասին ստորագրել է կոնվենցիան, սակայն Մոլդովան տարիներ շարունակ եղել է ոչ միայն ծխախոտ սպառող, այլեւ արտադրող: Ծխախոտի դեմ պայքարին ուղղված օրենքը երկար եւ դժվարին ճանապարհ է անցել, քանի որ հակափաստարկները վերաբերել են նաեւ տնտեսության բնագավառին, արտադրության եւ արտահանման ծավալների անկմանը: Օքսանա Դոմենտիի խոսքով՝ Մոլդովան ի վերջո վճռական է գտնվել, եւ խորհրդարանը մշակել է ճիշտ ու գործուն օրենք, որով այսօր պաշտպանված են թե ծխողների, թե չծխողների շահերը:

Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Զոյիձեն նշել է, որ իր երկրում օրենքն ուժի մեջ է մտնելու այս տարվա մայիսից: Կատարվել են հաշվարկներ, հասարակական հարցումներ, սակայն, ինչպես ամենուր, շատ են եղել հակառակորդները, որոնց կարծիքով՝ ծխախոտի դեմ պայքարը եւ արգելքն առաջին հերթին կարող են ազդել զբոսաշրջության զարգացման վրա: Ակակի Զոյիձեի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից Վրաստանում լիովին կարգելվի ծխախոտի գովազդը:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հյուրերին ներկայացրել է իր մոտեցումները, օրենսդրական կարգավորման հետ կապված պատկերացումները՝ նշելով, որ քննարկումների հիմքում առաջին հերթին դրված են մարդու առողջության պահպանման եւ բարեկեցության հարցերը: Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ՝ անհրաժեշտ է գտնել լավագույն լուծումները եւ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձն ու անցած ճանապարհը՝ պահպանել եւ բարելավել մարդկանց առողջությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ հանրային իրազեկման հարցը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...