Տպել
19.03.2018
Լեհաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները մարտի 19-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Ողջունելով լեհ գործընկերներին՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Վահան Հարությունյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ նշել, որ հարաբերություններին նոր լիցք է հաղորդել ՀՀ ԱԺ նախագահի՝ նախորդ տարի հոկտեմբերին Լեհաստան կատարած այցը: Բարձր գնահատելով հայ-լեհական հարաբերությունները՝ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել լեհ խորհրդարանականներին՝ Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյա հոբելյանին նվիրված, ինչպես նաեւ Լեհաստանի Սեյմի կողմից 2005 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունման համար:

Վահան Հարությունյանի գնահատմամբ՝ մեծ ներուժ կա զարգացնելու համագործակցությունը գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, ռազմարդյունաբերության ոլորտներում, ինչի համար խումբը պատրաստակամ է ներդնելու իր ջանքերը:

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լեհաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ ընդգծելով, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ հանգուցալուծմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին:

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հետ հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին նշել է, որ Լեհաստանի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Հյուրերն առանձնապես կարեւորել են Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ներդրումների խրախուսումը: Լեհ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու մեր երկրին՝ ներկայացնելով Լեհաստանի փորձը Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին:

Քննարկվել են համագործակցությանն առնչվող հստակ ուղղություններ: