Տպել
27.03.2018
Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային
1 / 6

Մարտի 26-ին Ժնեւում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամակցությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր ելույթում շնորհակալություն հայտնելով անդամության հաստատման համար` Ասոցիացիային ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործունեությունը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջովին անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի եւ Ազգային ժողովին են փոխանցվում լրացուցիչ գործառույթներ ու պատասխանատվություն: Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմը բարեփոխվում է` նոր իրողությունների պայմաններում որակյալ եւ լիարժեք աշխատելու ու զարգանալու համար:

«Ասոցիացիային անդամակցությունը ճիշտ ժամանակին է: Մենք համոզված ենք, որ կունենանք մեր գործընկերների աջակցությունը, կկարողանանք ուսումնասիրել եւ կիրառել նրանց առաջատար փորձը, հատկապես խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ արհեստավարժ ժամանակակից վերլուծական ծառայության կայացման ու զարգացման հարցերում»,-ասել է Արա Սաղաթելյանը:

Գլխավոր քարտուղարը նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ է կիսել սեփական դրական փորձը՝ սկսած թվային փաստաթղթաշրջանառության ամբողջական տեխնոլոգիաների լիարժեք ներդրումից մինչեւ թափանցիկության ապահովման միջոցների ու օրենսդրական գործընթացում հանրության ներգրավվում:

Արա Սաղաթելյանի խոսքով՝ բարդ եւ հակասական տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության համար ժողովրդավարությունը հիմնական ներուժ է: Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվել են լայնամասշտաբ ժողովրդավարական բարեփոխումներ, անցկացվել են անթերի խորհրդարանական ընտրություններ եւ շուտով անցում կկատարվի ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգին:

«Զարգացման այս ճանապարհին մեզ համար շատ կարեւոր է մեր գործընկերների քաղաքական եւ փորձագիտական աջակցությունը, ովքեր հասկանում են մեր սկզբունքները եւ կիսում մեր արժեքային գերակայությունները»,-նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

Նրա գնահատմամբ՝ այս աջակցությունը մեզ տալիս է անհրաժեշտ ազդակներ ազատությունների ամրապնդման եւ նոր բարեփոխումների իրականացման համար, որի հիմքում պառլամենտարիզմի եւ խորհրդարանների զարգացումն է:

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին նշել է, որ խորհրդարանների գլխավոր քարտուղարների կառույցն ամենահինն է աշխարհում, մի վայր է, որտեղ հանդիպում են այն մարդիկ, որոնք պատասխանատու են աշխատակազմի գործունեության համար, աջակցում են խորհրդարանականներին, կարող են հանդիպել իրենց գործընկերների հետ, փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել: Նրա խոսքով՝ կարեւոր է, որ Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարն ակտիվ մասնակցություն ունենա կառույցի գործունեությանը, որպեսզի նպաստավոր լինի անդամակցությունը: Վոյչեկ Սավիցկին ողջունել է Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարին, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային ժողովի անդամակցությունն Ասոցիացիային:

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբն իր խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին՝ նշելով, որ իր համար հաճելի էր լինել Հայաստանի խորհրդարանում, հանդիպել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ: Նա կարեւորել է այն փաստը, որ Հայաստանն Ասոցիացիայի կազմում է:

«Հաճելի է, որ Հայաստանը դարձել է Ասոցիացիայի անդամ: Դա մեծ քայլ է միջխորհրդարանական համագործակցության զարգացման համար»,-ասել է Ֆիլիպ Շվաբը:


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...