Տպել
04.04.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ապրիլի 4-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիի հետ:

Միքայել Մելքումյանը գոհունակությամբ ընդգծել է, որ բավականին ակտիվացել է երկու պետությունների միջեւ առկա երկխոսությունը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը: Միքայել Մելքումյանն անդրադարձել է երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն ընդլայնելու անհրաժեշտությանը, ինչպես նաեւ տնտեսության, սոցիալական ապահովության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Նաուաֆ Ալ Էնեզին նույնպես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում այդ ծրագրերի իրագործման ուղղությամբ: Հայաստանը եւ հայ ժողովրդին Քուվեյթի հանրությանը ճանաչելի դարձնելու համար դեսպանն անհրաժեշտ է համարել իր երկրում ՀՀ դեսպանության կողմից ցուցահանդեսների եւ տարբեր միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը, մասնավորապես ներդրումային ծրագրերի իրականացումը: Քննարկվել են նաեւ Երեւան-Քուվեյթ ավիաչվերթի իրականացման հնարավորությունները:

Միքայել Մելքումյանը դեսպանին փոխանցել է իր` Քուվեյթի Պետության խորհրդարանի փոխխոսնակի՝ Հայաստան այցի հրավերը: