Տպել
10.04.2018
Գագիկ Մինասյանը հանդիպել է Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ապրիլի 10-ին հանդիպել է Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի ներկայացուցիչներ Քրիստոֆեր Լեւիկի, Անդրյու Ուոքերի, Մարկո Սոշիչի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդական Հովհաննես Մարգարյանցի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը եւ Մանե Թանդիլյանը:

Քննարկվել են ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի մասնագիտական կարողությունների զարգացման ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Հյուրերը նշել են, որ առաքելության նպատակն է պարզել շահառուների գնահատականը եւ ակնկալիքները բյուջետային գրասենյակի գործունեության վերաբերյալ:

Գագիկ Մինասյանը նշել է, որ բյուջետային գրասենյակը, ինչպես ցանկացած երկրում այդ թվում նաեւ Հայաստանում, հզոր գործիք է բյուջետային վերահսկողություն իրականացնելու համար: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը բավականին համեստ կարողություններ ունի՝ նվազ ֆինանսավորմամբ եւ փոքրաթիվ աշխատակազմով: Գրասենյակը հիմնականում տեղեկանքներ է ներկայացնում բյուջեի եւ տնտեսական զարգացման հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Միջազգային փորձագետ Քրիստոֆեր Լեւիկը նշել է, որ բավականին դրական գնահատականներ է ստացել բյուջետային գրասենյակի աշխատանքների վերաբերյալ:

Հանուն ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի մասնագետները կարեւորել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցության շրջանակում ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների կատարելագործման եւ հանձնաժողովների հետ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: